«Լելոն» պահանջում է խորհրդարանում կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց սկսել

«Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեի հայտարարությամբ` խորհրդարանում պետք է սկսվի կառավարությանը անվստահություն հայտնելու ընթացակարգը: Ըստ նրա` «Լելոն» միայն այդ հարցի քննարկմանը կմասնակցի:

Ինչպես նշել է Ջափարիձեն, ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը կառավարության հրաժարականն է, և «Վրացական երազանքը» պետք է այն ըմբռնի:

«Այսօր «Լելոն» խորհրդարանում է գտնվում մի հարցի քննարկման համար։ Սա կառավարությանն անվստահություն հայտնելու միջնորդության սկիզբն է: Մենք այլ հարցեր չենք քննարկելու: Ներկայիս կառավարությունը, նրա ղեկավարը, պետք է լիարժեք հրաժարական տան, որպեսզի խուսափեն երկրում գործընթացների և իրավիճակի սրումից: Միակ ճիշտ լուծումն այն է, որ խորհրդարանը գումարվի, սկսի կառավարությանն անվստահություն հայտնելու ընթացակարգը, ընտրվի անցումային կառավարություն՝ իրավիճակը մեղմելու համար: Կառավարությանն անվստահություն հայտնելուն դիմադրել նշանակում է աջակցել երկրում լարվածության զարգացմանն ու անկառավարելի գործընթացներին»,- հայտարարել է Ջափարիձեն: