Լեյբորիստները պահանջում են Վրաստանի նախագահի իմպիչմենտը

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը հերթական բողոքի ցույցն է անցկացրել՝ սպանության համար դատապարտվածներին համաներում շնորհելու սկանդալային որոշման պատճառով պահանջելով Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 28-ին նշվող Սուրբ Մարիամ Աստվածածնի՝ «Մարիամոբա» տոնի առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին համաներում է շնորհել 34 դատապարտյալի: Ինչպես պարզվել է հետագայում, նրանցից երեքը պատիժ էին կրում սպանության, երկուսը՝ թմրամիջոցներ գործով, իսկ մեկը մինչ այս պահը հետախուզման մեջ էր:

Սկանդալը նոր շունչ է ստացել նախորդ շաբաթ, երբ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը հրապարակել է 9 ամսվա ընթացքում համաներում ստացածների ցանկը: 91 ներում ստացածների շարքում էր նաև ՔՕ-ի 140-րդ (16 տարեկանը չլրացած անձի նկատմամբ սեռական հանցագործության) հոդվածով դատապարտված մի անձ:

Լեյբորիստները անչափահասների կատմամբ սեռական բռնության թեմայով ցուցահանդես են անցկացրել նախագահի նստավայրի հարակից տարածքում: Կազմակերպիչները նաև վիճակագրություն են ներկայացրել, ըստ որի վերջին երեք տարիների ընթացքում նման հանցագործությունների թիվն առավելագույնի է հասել:

Ի դեպ, երկրի գլխավոր դատախազությունը նախագահի համաներման հարցով քննություն է սկսել։