Անվտանգության ծառայության նախկին պաշտոնյան Մաչալիկաշվիլիի գործին է անդրադարձել

Պանկիսիի հատուկ գործողության հետևանքով սպանված Թեմիրլան Մաչալիկաշվիլիի հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին, ասել է, որ որդուն սպանելուց հետո «Գոմելաուրիի, Գոգաշվիլիի, անվտանգության ծառայության հետ կապված անձինք» հաճախ են այցելել իրեն։

«Ես գիտեի նրանց ուղարկած ցանկացած անձ ինչ նպատակով է գալիս»,- ասել է Մաչալիկաշվիլին։

Նա կոչ է անում Սոսո Գոգաշվիլիին` «րոպե առ րոպե տեղեկություն հրապարակելու փոխարեն, եթե ցանկանում է հակադրվել իշխանությանը, հրապարակի արձանագրություն, թե ինչու է սպանվել Թեմիրլան Մաչալիկաշվիլին, և ով է գլխավոր մեղավորը».

«Գոգաշվիլիին խորհուրդ կտայի` նամակների ձևով, փոքրիկ ակնարկներով չհասկացնել ինչ–որ բաներ. եթե ուզում է դիմակայել այս դաժան իշխանությանը, այս կեղտոտ համակարգին, ապա թող կանգնի ու հայտարարի, ասի, թե ինչ է եղել, ինչու է սպանվել, ով է պլանավորել, ինչու է պլանավորվել, ով է գլխավոր մեղավորը», — ասել է նա:

Նշենք, որ անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սոսո Գոգաշվիլին այսօր բանտից հերթական նամակն է հրապարակել, որում խոսում է նաև Թեմիրլան Մաչալիկաշվիլիի գործի մասին:

Հիշեցնենք, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Պանկիսիի շրջանի Օմալո և Դուիսի գյուղերում իրականացրած հատուկ գործողության ընթացքում գլխի հատվածում հրազենային վիրավորում ստացած Թեմիրլան Մաչալիկաշվիլին մահացել էր հիվանդանոցում: Նրա հայրը՝ Մալխազ Մաչալիկաշվիլին մինչ օրս պայքարում է արդարության և որդու սպանության գործը բացահայտելու համար: