Մասնագետների դեֆիցիտ Սամցխե-Ջավախեթիում

Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում մասնագետների մեծ պահանջարկ կա՝ «Ալիք Մեդիայի» հետ զրույցում տեղեկացրեց քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Թարզյանը` պարզաբանելով, որ մասնագետների դեֆիցիտի հիմնական պատճառներն ուսանողների ցածր իրազեկվածությունն ու «1+4» ծրագրի ուսանողների համար պետությունից ֆինանսավորվող ծրագրերի անհասանելիությունն է։

Տիգրան Թարզյանը մանրամասնում է, որ որոշել են, այդ խնդիրները նկատի առնելով, իրականացնել «Աջակցություն ուսանողներին մասնագիտության ընտրության հարցում» նախագիծը։

«Գաղափարը հուշեցին հենց նշված խնդիրները. որոշեցինք հանդիպել ուսանողներին և տեղեկացնել, թե ինչ մասնագիտությունների պահանջ կա այսօր մեր շրջանում։ Ծրագրի նպատակն է օգնել տեղի ուսանողներին մասնագիտական ​​կողմնորոշման և բարձր պահանջարկ ունեցող մասնագիտություն ընտրելու հարցում։

Շատերն են ընտրում տնտեսագիտություն, միջազգային հարաբերություններ, իրավաբանություն և այլն և այլն, որոնք շատ հարգի են, բայց տեղում այդ մասնագիտությունների մեծ պահանջարկ չկա»։

Թարզյանը իր սեփական փորձն է ներկայացնում` նշելով որ ընտրելով քաղաքագիտություն մասնագիտությունը` ավելի ցածր աշխատավարձով է աշխատում, քան, օրինակ, ներկա պահին Նինոծմինդայում անասնաբույժի աշխատավարձն է։

«Սամցխե-Ջավախեթիում բնակչության հիմնական խնդիրը աշխատանք չունենալն է, բոլորն ասում են, որ գործ չկա, իսկ երբ խոսում ես պետական մարմինների, բիզնես սեկտորի կամ գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, նրանք էլ ասում են, որ չեն կարողանում գտնել համապատասխան մասնագետ, որ աշխատանքի տեղավորեն», — ասում է Թարզյանը և շարունակում․

«Նաև կա պրոֆեսիոնալ լրագրողների պահանջարկ, դպրոցներում ֆիզիկայի, քիմիայի, երգի, մաթեմատիկայի ուսուցիչների թափուր աշխատատեղեր կան։ Քիչ չեն այն դպրոցները, որտեղ սպորտի ուսուցիչը քաղաքացիական կրթություն կամ իր մասնագիտության հետ ոչ մի առնչություն չունեցող առարկա է դասավանդում, ինչը շատ մեծ խնդիր է. գուցե նման պատճառներով էլ չունենք ակտիվ քաղաքացիներ, երիտասարդներ, որոնք տեղյակ են իրենց իրավունքներին ու պարտականություններին»։

Նախագծի շրջանակներում, որը ֆինանսավորում է «Սափարի» կազմակերպությունը, հոկտեմբերի 27-ին անցկացվել է տեղեկատվական հանդիպում Թբիլիսիի պետական ​​համալսարանի և Իլիայի պետական ​​համալսարանի ուսանողների հետ. թեման պահանջված մասնագիտություններն էին։

Նախագծի համահեղինակներից մեկը դասընթացավար և մասնագիտությամբ հոգեբան Գոհար Աղջոյանն է։ Նա նշում է, որ երիտասարդների ընտրած մասնագիտություններից, բնականաբար, շատ բան է կախված, սակայն խնդիր է նաև, որ այն մասնագիտությունները, որոնց պահանջարկը երկրում կա, և որոնք պետությունը ֆինանսավորում է, էթնիկ  փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» ծրագրով ընդունվողները ստիպված են վճարել տարեկան վարձը՝ 2250 լարի։

«Այս հարցը պարզաբանվում է նման կերպ, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք բուհ են ընդունվում, «1+4» ծրագրով հանձնում են մեկ քննություն (Ընդհանուր ունակություններ), իսկ մյուսները` 3 կամ 4 քննություն։ Սակայն սա ամենևին էլ կապ չունի քննությունների հետ, քանի որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները 1 տարի ավելի են սովորում, և նրանց համար էլ պետք է լինի ինչ–որ շարժառիթ, որպեսզի ընտրեն պահանջվող մասնագիտությունները։

Սրա հետ մեկտեղ, հարկ է նաև սիրել մասնագիտությունը, հակառակ դեպքում հնարավոր չէ հաջողության հասնել», — նշում է Աղջոյանը։

Նա ընդգծում է, որ շատ երիտասարդներ կարծում են, թե ընտրելով ավելի քիչ «ակտուալ» մասնագիտություններ, իրենց թվում է թե չեն կարողանա աշխատանքի տեղավորվել․

«Մենք նախագծի շրջանակներում անցկացրինք տեղեկատվական հանդիպում ԹՊՀ-ի և Իլիայի պետական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի ուսանողների հետ, նաև նախատեսված է հանդիպում Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական ծրագրի ուսանողների հետ։ Նրանց նույնպես կտրվի հնարավորություն իրենց կարծիքն արտահայտելու մասնագիտությունների, դրանց պահանջարկի և կարևորության մասին հոդվածներ գրելով, լավագույնները կհրապարակվեն», — նշում է նախագծի համահեղինակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ալիք Մեդիան» անդրադարձել էր նաև անվճար ֆակուլտետներին, որոնք «1+4» ծրագրի ուսանողների համար վճարովի են։

Ընթացիկ տարվա սեպտեմբերին 2022-2023 ուսումնական տարվա համար հաստատվեցին և հրապարակվեցին պետականորեն ամբողջությամբ ֆինանսավորվող կրթական ծրագրերը (այսպես կոչված՝ անվճար ֆակուլտետները), սակայն, ինչպես անցյալ տարիներին, այս տարի ևս ֆինանսավորվող ծրագրերը «1+4» ծրագրի ուսանողներին չեն վերաբերում։