Մոսկվան ցանկանում է օգտագործել հարևաններին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջիմ Օ՛Բրայենը և Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման գրասենյակի տնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտի գլխավոր տնօրեն Կումար Աիերը Թբիլիսիում վրացի պաշտոնյաների հետ հանդիպումից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

Օ՛Բրայենը նշել է, որ Վրաստանն ունի պատժամիջոցներից խուսափելու կանխարգելման համակարգ, սակայն իրենք աշխատում են, որպեսզի այն լիովին արդյունավետ գործի։

Ե՛վ Օ՛Բրայենը, և՛ նրա բրիտանացի գործընկերը մի քանի անգամ հայտարարել են, որ իրենց նպատակը Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնելը չէ, և որ նրանք խոսում են միայն այն ապրանքների մասին, որոնք օգնում են Կրեմլին Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակել։

Ելույթ ունենալով ​​պաշտոնյաների հետ հանդիպումներում՝ Օ’Բրայենը նշել է, որ մի շարք երկրներ (ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և մյուսները- խմբ.) նույն դիրքորոշումն ունեն, և պաշտոնական Թբիլիսին գիտի, թե ինչ տեսակի ապրանքներ չպետք է մտնեն Ռուսաստան։

Օ’Բրայենի խոսքով, Արևմուտքն աշխատում է Ռուսաստանի որոշ հարևան երկրների հետ, քանի որ գիտի, որ Մոսկվան ցանկանում է օգտագործել հարևաններին իր նպատակների համար։

Աիերն իր հերթին նշել է՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից խուսափելը հիմնականում ցամաքային ճանապարհով է իրականացվում։

«Այժմ մենք կենտրոնանում ենք այն հարցի վրա, թե ինչ լրացուցիչ մեխանիզմներ կարելի է ներդնել ցամաքով ապրանքների տեղաշարժի վերահսկողությունն ու մոնիտորինգը խստացնելու համար»,- ասել է Աիերը:

Նա ևս ընդգծել է՝ իրենց նպատակը Ռուսաստանի հետ առևտուրը դադարեցնելը չէ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պարենային ապրանքներին, դեղամիջոցներին, այլ այն ապրանքների տեսակները, որոնք օգտագործվում են մարտի դաշտում։

Ի դեպ, ավելի վաղ՝ Օ’Բրայենը հայտարարել էր, որ Վրաստանն այն հինգ պետություններից մեկն է, որը նպաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շրջանցմանը: