ԱՏՊ ծառայությունը հետաքննում է Սաակաշվիլիի բանտային կյանքի դրվագ պատկերող տեսանյութի հարցը

Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության ծառայության ղեկավար Լելա Ջանաշվիլիի խոսքով՝ ընթանում է հետաքննություն քրեակատարողական ծառայության կողմից «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի բանտային կյանքի դրվագ պատկերող տեսանյութը հրապարակելու հարցը։ Ծառայության որոշումը կհրապարակվի մինչև ապրիլ։

«Ես չեմ կարող նախապես իրավական դիրքորոշում հայտնել այս հարցում, քանի որ ուսումնասիրությունն ընթացքի մեջ է։ Շուտով ծառայությունն ինձ կտեղեկացնի նշված հարցի վերաբերյալ որոշման մասին։ Հետաքննությունը կավարտվի մինչև ապրիլ»,- ասել է Լելա Ջանաշվիլին։

Հիշեցնենք, որ Քրեակատարողական ծառայությունը հրապարակել էր Միխեիլ Սաակաշվիլիին Գլդանիի բանտային հիվանդանոց տեղափոխելու կադրերը:

Կադրերում երևում է, թե ինչպես է Միխեիլ Սաակաշվիլին հրաժարվում դուրս գալ շտապօգնության մեքենայից, ինչից հետո նրան բռնի ուժով հանում են մեքենայից։ Ըստ կադրերի՝ բանտի աշխատակիցները Միխեիլ Սաակաշվիլիին ձեռնաշղթա են հագցնում և տեղափոխում բանտային հիվանդանոց։ Տեսանյութում երևում է, որ վերջինս կիսամերկ է։