ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցում է Վրաստանին. հակադիր կարծիքներ

Եթե ժամանակին դիվանագիտական կորպուսն աշխատեր, այսօր Վրաստանն էլ` Ուկրաինայի նման, կստանար ՆԱՏՕ-ին անդամակցելու կարգավիճակ՝ առանց Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) կատարման անհրաժեշտության, «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ամփոփելով ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքները, ասաց արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով վրացի հետազոտող Գիորգի Բիլանիշվիլին:

Ըստ Բիլանիշվիլիի՝ ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում արտահայտված աջակցությունը վկայում է այն մասին, որ Վրաստանի դիվանագիտական և արտաքին քաղաքականությունն առաջընթաց չեն ապրել:

«ՆԱՏՕ-ն ամեն կերպ աջակցում է Վրաստանին. աջակցություն է նկատվում թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական մակարդակներում: Վրաստանն էլ ռազմական առումով պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցելու, սակայն կան որոշ ստանդարտներ, որ պետք է բավարարեն Դաշինքին միանալու համար»,- նշեց Բիլանիշվիլին:

Նրա պնդմամբ՝ շահարկումները, թե Վրաստանը ՆԱՏՕ-ից Ուկրաինայի նման աջակցություն չստացավ, քանի որ «երկրորդ ճակատ» չի բացել, սուտ է և միտված է սեպ խրելու Վրաստանի և նրա իրական դաշնակիցների միջև: Ըստ Բիլանիշվիլիի՝ նմանատիպ մանիպուլյացիաներով փորձում են արդարացնել դիվանագիտական սայթաքումները:

Վրացի վերլուծաբան Զաալ Անջափարիձեն, հակադրվելով Բիլանիշվիլիին, ասաց` պատերազմի և ավերածությունների գնով Ուկրաինան ՆԱՏՕ-ից որպես ավանս ստացավ անդամակցության խոստում՝ առանց MAP-ի:

«Վրաց հասարակության «ինֆանտիլ-ագրեսիվ հատվածի» պնդումները, թե Ուկրաինան մեզանից առաջ անցավ ՆԱՏՕ-ում, այլևս ծիծաղելի չէ. դա այլ բան է` ավելի վտանգավոր, որովհետև այդ մարդիկ պատրաստ են ցանկացած արկածախնդրության, քանի դեռ դա դուր է գալիս Արևմուտքին»:

Ի դեպ, Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու Անդամակցության գործողությունների ծրագրի (MAP) անհրաժեշտությունը մնում է ուժի մեջ: Վիլնյուսի գագաթնաժողովի կոմյունիկեն ևս մեկ անգամ հաստատում է Դաշինքի աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ընդգծվում է նաև, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի իրավունքին՝ որոշել սեփական ապագան և արտաքին քաղաքական կուրսը առանց արտաքին միջամտության։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) հաղորդագրության համաձայն, վրացական կողմը ողջունում է ՆԱՏՕ-ի Վիլնյուսի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում արտահայտված աջակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ` գործնական հարթությունում։