«Պատասխան գործակալին». «Սիրցխվիլիա»-ն արձագանքել է խորհրդարանի նախագահի հայտարարությանը

Վրաստանում գործող «Սիրցխվիլիա» («Ամոթ է») շարժումը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին, այն վերնագրելով՝ «Պատասխան գործակալին»:

Ըստ «Սիրցխվիլիա»-ի՝ Պապուաշվիլին ստել է՝ շարժման գործունեությունը  կապելով «անթափանցիկության» հետ, ուստի Պապուաշվիլիին են ուղարկել շարժման ֆինանսական դոնորների ցուցակը:

«Նախքան այլուր «գործակալներ» փնտրելը, ձեզ կհետաքրքրի՞ ձեր սեփական թիմի անդամների կենսագրությունը, օրինակ.

  • Իրակլի Կոբախիձե, 2006-2014 թվականներին՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) փորձագետ և ղեկավար,
  • Դուք ինքներդ, 2017-2020 թվականներին՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Վրաստանի թիմի ղեկավար,
  • Սոզար Սուբարի, 1995-2000 թվականներին՝ Լոնդոնի «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» թղթակից և IREX-ի օրենքի գերակայության ծրագրի տնօրեն,
  • Ռամինա (Ռիմա) Բերաձե՝ 1985-1991 թվականներին՝ ռայկոմի քարտուղար»,- նշված է շարժման հայտարարության մեջ:

Ի դեպ, Պապուաշվիլին, խոսելով Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժման Վրաստանի խորհրդարան ներկայացրած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի մասին, ասել է.

«Սիրցխվիլիա» կազմակերպության և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) երիտասարդական թևի ներկայացուցիչներն իրենց բռնի գործողություններով հայտնի են որպես օրինախախտներ, և մենք գիտենք, որ նրանք ֆինանսավորվում են ինչ-որ մեկի կողմից, թեև նրանց ֆինանսական աղբյուրները հայտնի չեն»:

Շեղում եվրաինտեգրումից և հավաստի ինֆորմացիայի սահմանափակում. «Ժողովրդի ուժը» շարժման նախաձեռնությունը՝ փորձագետների տեսանկյունից