Նախագահի երդմնակալության արարողությունը Թելավիում անցկացնելու պատճառները

Վրաստանում պատրաստվում են դեկտեմբերի 16-ին Թելավի քաղաքում կայանալիք նախագահի երդմնակալության արարողությանը: Դեկտեմբերի 14-ին և 15-ին անցկացվում են հանդիսավոր արարողության փորձերը:

Թելավիի քաղաքապետարանը բնակչությանը զգուշացրել է, որ Վրաստանի նախագահի երդմնակալության արարողության հետ կապված կկրակեն հրանոթներից:

Զուրաբիշվիլին նախագահի լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 16-ին, իսկ հյուրերին այդ օրը հնարավոր է ընդունի Ծինանդալիում: Մինչ այդ, Զուրաբիշվիլին մայրաքաղաք Թբիլիսիում ծաղկեպսակ կդնի Վրաստանի անկախության, տարածքային ամբողջականության և միասնության համար ընկած հերոսների հուշահամալիրին, այնուհետև հարգանքի տուրք կմատուցի Մթածմինդայի պանթեոնում հանգչող Իլիա Ճավճավաձեի շիրիմին։ Հարկ է նշել, որ վրացի գրողը ծնվել և երիտասարդ տարիներն անցկացրել է Կախեթիում:

Նախագահական ընտրություններում Իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը ստացած Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին քվեարկել է ընտրողների 59,52 տոկոսը: Նրա հակառակորդը նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն էր, ում թեկնածությունն առաջադրել էր «Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմությունը:

Նախագահ ընտրվելուց հետո Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երդմնակալության արարողության վայր ընտրվել է Թելավին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թելավիի ընտրողներն իրենց ձայնը հիմնականում տվել էին իր հակառակորդին։ Ստանձնելով նախագահի պաշտոնը հենց Թելավիում, Զուրաբիշվիլիի ուղերձն է՝ լինել բոլորի նախագահը։ Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու Էրեկլե 2-րդի դղյակում։ Նորընտիր նախագահի խոսքով, վայրն ընտրված է որպես ուժի և իշխանության խորհրդանիշ։

Կախեթիի մարզպետը Թելավին երդմնակալության վայր ընտրելու պատճառ է համարում ապակենտրոնացումը և շրջանների՝ քաղաքական կյանքում ներգրավվելու ցանկությունը: Հիշեցնենք՝ «ապակենտրոնացման քաղաքականության» վերաբերյալ կառավարության ընդունած վերջին որոշումը՝ Քութայիսիից խորհրդարանը մայրաքաղաք տեղափոխելու մասին: Ընտրություններից հետո տեղեկություն է տարածվել նաև, որ հնարավոր է սահմանադրական դատարանն էլ Բաթումիից մայրաքաղաք տեղափոխվի:

Վրաստանում պրոտոկոլային միջոցառումներ անցկացնելու կարգը սահմանվում է Վրաստանի նախագահի 2001 թվականի սեպտեմբերի 27-ին ընդունված 386 հրամանով, որի 23-րդ հոդվածի («Վրաստանի նախագահի երդմնակալության արարողություն») 2-րդ կետի համաձայն, երդմնակալության վայր է սահմանված Վրաստանի խորհրդարանը:

Չնայած հստակ հրամանին, Վրաստանի նորընտիր նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակված Լաշա Ժվանիա ն ասել է, որ նախագահի 386 հրամանով սահմանվում է երդմնակալության կարգը և ոչ վայրը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Կախա Կախիշվիլին բացատրել է, որ նախագահի երդմնակալության մասին 2001 թվականի հրամանը չի համապատասխանում իրականության հետ, հիմա վարչապետի աշխատակազմում նախագահի երդմնակալության արարողության նոր կարգ է մշակվում:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը վերլուծում է երդմնակալության արարողությունը Թելավիում անցկացնելու հնարավոր պատճառները՝ նշելով

  • Դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում նախապես ծրագրված էր ընդդիմության բողոքի ակցիան: Բացի այդ, խորհրդարանի առջև Զազա Սարալիձեի և Մալխազ Մաչալիկաշվիլիի և նրանց աջակիցների վրաններն են տեղակայված, որոնց դեկտեմբերի 4-ից էլեկտրաէներգիայով և ջեռուցմամբ օգնում է քաղաքապետարանը:
  • Հնարավոր է նախագահի ինստիտուտն այլևս չի արժանանում մասշտաբային արարողության մայրաքաղաքում և սահմանադրական մարմնում:

Ինչ վերաբերում է ուժի խորհրդանիշին, հարկ է նշել, որ Էրեկլե 2-րդը ծնվել է 1720 թվականի նոյեմբերի 7-ին և եղել է Քարթլ-Կախեթիի թագավորությունների վերջին միավորման ու հզորացման վկան, ակտիվ գործիչ, որն ամեն կերպ փորձել է իր երկրի նյութական առաջընթացն արձանագրել և մտավոր զարգացմանը նպաստել: Էրեկլե 2-րդի մոտ շատ բան չի ստացվել: Նա հուսահատված առաջնորդի խորհրդանիշ է:

Հարկ է նշել նաև, որ «Միավորված ընդդիմությունը» հայտարարել է, որ բողոքի ակցիա կանցկացնի Թելավիի կենտրոնում՝ երդմնակալության արարողության տարածքին մոտ:

Երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունը հաստատել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև Թուրքիայի փոխնախագահը, Ադրբեջանի հանրապետության խոսնակը, Չեխիայի սենատի, Լիտվայի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարները, Ռումինիայի փոխվարչապետը, Մոլդովայի արտգործնախարարը, Թուրքմենստանի առևտրի նախարարը և այլք: