Ներգրավվելու եմ Իվանիշվիլիի դեմ պայքարում. Վանո Մերաբիշվիլի

«Ես խորհրդարանի անդամ չեմ լինելու կամ կառավարությունում որևէ պաշտոն չեմ զբաղեցնելու, ես ներգրավվելու եմ Իվանիշվիլիի ռեժիմի դեմ պայքարում, դա լինելու է պայքար ոչ թե անձնական շահի, այլ ազգիս ապագայի»,- սոցիալական ցանցերում գրառում է արել Վրաստանի նախկին վարչապետ ու ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին:Նա համարում է, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար կարևորագույն իրադարձություն են:

«Մոտենում են մեր երկրի համար կարևորագույն օրերը: Այս ընտրություններում որոշիչ չի լինելու այն, թե ինչ անում է «Վրացական երազանքը», որովհետև դա արդեն անցյալ է, որոշիչ է լինելու այն, թե որքանով կկարողանանք մենք համազգային նպատակը վեր դասել սեփական կարիերայից, անձնական ամբիցիաներից, պայքարել ոչ թե սեփական անձի, այլ պետության համար: Այսօր, ցավոք, ընդդիմությունից հաճախ լսելի են քաղաքական առևտրի, մանդատներ ու աթոռներ բաշխելու խոսակցություններ: Նորացված  «Ազգային շարժումը» (խմբ.` նկատի ունի Սաակաշվիլիի հիմնադրած, այժմ ընդդիմադիր կուսակցությունը) միակ ուժն է, որն այս պայքարում որոշիչ դեր խաղաղու, ընտրություններում հաղթանակ տանելու և ազգին ապագա վերադարձնելու բավարար հնարավորություններ ունի»,- գրում է Մերաբիշվիլին:

Հիշեցնենք` Վանո Մերաբիշվիլին մոտ 7-ամյա բանտարկությունից հետո ընթացիկ տարվա փետրվարի 20-ին  ազատ արձակվեց: Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսին: Նա մեղադրվեց մի քանի հանցագործություն կատարելու մեջ, այդ թվում՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով ապացույցները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիին ծեծելու և ընտրակաշառք բաժանելու մեջ:

Լուսանկարը` Մերաբիշվիլիի ֆեյսբուքյան էջից

Վարչապետի հավակնություններ չունեմ. Մերաբիշվիլի