Նոր իրողություններ տարածաշրջանում. Ռուսաստանի դերը Կովկասում

Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց Արցախի տարածքների գերակշիռ մասի վրա Ադրբեջանի կողմից վերահսկողության հաստատմամբ, նոր իրողություններ ի հայտ բերեց տարածաշրջանում՝ առավել խոշոր խաղացողներ դարձնելով Ռուսաստանին և Թուրքիային։ 

Տարածաշրջանում հաստատվեց ուժերի և աշխարհաքաղաքական իրականության նոր հավասարակշռություն՝ Թուրքիան հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի քողի տակ պաշտոնապես մտնելով ղարաբաղյան հակամարտության գոտի, այժմ խոսում է ռազմաբազա տեղակայելու մասին, պաշտոնական Մոսկվան թեև հերքում է այս տեղեկատվությունը: 

Հակամարտության գոտում տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորախումբը, ռուս սահմանապահներ տեղակայվեցին նաև հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Ռուսաստանի դերի մեծացումը տարածաշրջանում

Խոսելով հետպատերազմյան շրջանի և տարածաշրջանում ռուսական ուժերի ներկայության մեծացման մասին, լրագրող, ղարաբաղյան հակամարտությունը հետազոտող Թաթուլ Հակոբյանն ասում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ողջ ընթացքում ռուսական կողմը փորձել է առաջ բերել լուծման իր տարբերակը՝ «Լավրովի պլանը»: Դրա կարևոր դրույթներից մեկը հենց ռուս խաղաղապահների ներգրավումն էր, այն բանից հետո, երբ հայկական ուժերը հետ կքաշվեն նախկինում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մաս չկազմող տարածքներից:

«2020 թվականի պատերազմի արդյունքում Ռուսաստանը հասավ իր նպատակին՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայելով խաղաղապահներ, ընդ որում, եթե նախկինում խաղաղապահ կոնտինգենտի հետ կապված ավելի համեստ թվեր էին ներկայացնում, ապա այսօր հակառակն ենք տեսնում․ ռուսական ներկայությունն Արցախում շատ ավելի մեծ է։ Բացի այդ, թեև փաստաթղթում խոսվում է 5 տարով տեղակայման մասին, սակայն դժվար է պատկերացնել, որ նման ներգրավվածությամբ Ռուսաստանը համաձայնի լքել տարածաշրջանը», — ասում է Թաթուլ Հակոբյանը:

Խոսելով հետպատերազմյան շրջանի և տարածաշրջանում ռուսական ուժերի ներկայության մեծացման մասին, RealPolitika կայքի հիմնադիր, վրաց քաղաքագետ Զազա Աբաշիձեն նշում է․ «Մոսկվան ավելացնելով ռուսական ներկայությունը քանակապես, մեծացրել է նաև գործառույթների շրջանակն ու դերակատարությունը, այդ թվում այսպես կոչված թեժ կետերում իրավիճակը հանդարտեցնելու ֆունկցիան»: Աբաշիձեն վստահ է, որ հյուսիսային հարևանը բոլոր հակամարտությունները, այդ թվում և ղարաբաղյանը, ծառայեցնում է իր շահերին։ 

«Շատ հետաքրքիր պատկեր էր, երբ պատերազմից հետո հանդիպեցին երեք երկրների առաջնորդները․ սեղանի շուրջ մի կողմում Պուտինն էր նստած, սպասում էր Փաշինյանին ու Ալիևին. ինքը (Պուտինը) հյուրընկալն էր, ում ձեռքում է ակնհայտորեն ամեն ինչ», — նշում է Զազա Աբաշիձեն:

Վրաստանյան Ռոնդելի հիմնադրամի հետազոտող, փորձագետ Ալեքսանդր Կվախաձեն տարածաշրջանային նոր իրողությունների մասին իր հետազոտության մեջ գրում է, որ պատերազմի արդյունքում թեև Հարավային Կովկասում Ռուսաստանի դերը զգալիորեն մեծացավ խաղաղությունը վերահսկելու պայմանով, այդուհանդերձ Հայաստանի իշխանությունների փորձերին, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և նրա գլխավորությամբ ստեղծված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջամտությամբ մեղմվի սահմանային լարվածությունը, Մոսկվան ի պատասխան չեզոք բնույթի հայտարարություններ է անում։

ՀԱՊԿ-ը, որ պատասխանատու է անդամ երկրի՝ Հայաստանի սահմանների անվտանգության համար, հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը համարում է «սահմանային միջադեպ»։

Թաթուլ Հակոբյանի կարծիքով, տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում շահած դուրս եկան անմիջական ներգրավվածություն ունեցող բոլոր երկրները․ «Ադրբեջանը ստացավ ոչ միայն այն տարածքները, որոնք պահանջում էր, այլև գրավեց Հադրութն ու Շուշին: Թուրքիան հասավ իր նպատակին՝ ռազմական ներկայություն հաստատելով Հարավային Կովկասում։  Հվ․ Կովկասում 1918-ից ի վեր Թուրքիան ռազմական ներկայություն չի ունեցել: Շահած դուրս եկավ նաև Ռուսաստանը՝ խաղաղապահներ տեղակայեց, և փաստացի բոլոր առումներով պարտվածը դա Հայաստանն է»:

Ղարաբաղյան պատերազմը նոր շրջափուլ բացեց Հարավային Կովկասում։ Պատերազմում ներգրավված երկրների հարևանությամբ գտնվող Վրաստանում ուշի ուշով հետևում էին տարածաշրջանային նոր վերադասավորումներին:

Վրաստանն ու Ղարաբաղյան պատերազմը

«Մենք ամբողջ տարածաշրջանով Ղարաբաղյան հակամարտության գերին էինք», — ասում է վրաց նախկին դիվանագետ, քաղաքագետ Գիա Ջափարիձեն, — «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, որ ցավոք, այսօր կամ մոտ ապագայում տեղի չի ունենա, կարևոր է ողջ տարածաշրջանի երկրների, անշուշտ, նաև Արևմուտքի համար․ մենք կարևոր ենք որպես տարածաշրջան»:

Ջափարիձեի խոսքով, պարզ է, որ դեպի ծով ելք չունեցող, այսպես կոչված landlocked երկրի համար, որն ընդհանուր սահման չունի հիմնական դաշնակցի հետ, կարևոր են մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ լավ հարաբերությունները․

«Այսօր արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Իրանի համար Հայաստանի հետ լավ հարաբերություններն անհրաժեշտություն են։ Հայաստանի մյուս սահմանակից երկիրը Վրաստանն է, որն անշուշտ Հայաստանի համար թթվածնի դեր է կատարում»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը 44-օրյա պատերազմը չի դիտարկում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խնդիր․

«Այս ամենը վաղուց էր ծրագրված. դեռ 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմը խոսում էր Կովկասի նկատմամբ ռուսական նկրտումների մասին: Իհարկե, առաջնային թիրախում եվրաինտեգրման ամենամեծ արագությունը վերցրած Վրաստանն էր»: 

Թաթուլ Հակոբյանն էլ ընդգծում է, որ Ռուսաստանի՝ տարածաշրջանը ապաշրջափակելու հարցում ակնհայտ շահագրգռվածությունը կապված է նաև Վրաստանի տարանցիկ դերակատարությունը նվազեցնելու հետ։

«Եթե Հայաստանը նորմալ հարաբերություններ հաստատի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բնական է, որ Վրաստանի դերակատարությունը, աշխարհագրական նշանակությունը կտրուկ նվազելու է։ Իմ համոզմամբ, Ռուսաստանը ձգտում է այս ճանապարհով ճնշումներ բանեցնել Վրաստանի վրա»:

Սաֆարյանն էլ իր հերթին վստահ է՝ Ռուսաստանը ղարաբաղյան կոնֆլիկտից դուրս Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային նոր վեճեր է հրահրում՝ գիտակցելով, որ մի օր էլ Վրաստանի նման Հայաստանը կարող է թեքվել դեպի Եվրոպա․ «Դա բացառելու համար ՀՀ տարածքում վտանգավոր իրավիճակը շարունակական է պահվում՝ թույլ տալով Հայաստանի տարածք ներխուժումները և Զանգեզուրի միջանցք գաղափարի զարգացումը»։

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը շարունակվում է

Ղարաբաղյան պատերազմը թեև ավարտվեց հրադադարի եռակողմ հայտարարությամբ, սակայն պատերազմային լարվածությունը  պահպանվում է ոչ միայն Ղարաբաղում, որտեղ ժամանակ առ ժամանակ միջադեպեր են գրանցվում, այլ նաև Հայաստան-Ադրբեջան սահմաններին։ 

Գորիս-Կապան ճանապարհ, Սյունքի մարզ

Հակոբյանի խոսքով, պատերազմում հաղթող կողմը՝ Ադրբեջանը  փորձում է ստանալ ամեն ինչ․ «Նրանք փորձում են՝ օգտագործելով Հայաստանի խոցելի վիճակը, հասնել առավելագույնին, Ադրբեջանի ախորժակը բացվում է ուտելու ընթացքում։ Ադրբեջանն ուզում է,  որ Հայսատանը հնարավորինս շուտ համակերպվի Արցախի կորստի հետ, վերջնականապես լուծի անկլավների հարցը»։ 

Ռոնդելի հիմնադրամի հետազոտող, փորձագետ Ալեքսանդր Կվախաձեն մեզ հետ զրույցում ասում է, բացի այն, որ Ադրբեջանը փորձում է ստանալ Նախիջևանի հետ ցամաքային ճանապարհ, հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը պահպանում է՝ չհամակերպվելով նաև Ստեփանակերտի ու Ղարաբաղի մնացած հատվածի վերահսկողությունը չստանալու հետ․ «Ադրբեջանը գիտակցում է առաջիկա առնվազն 5 տարվա ընթացքում դա չի ստանա, պատմությունն էլ սովորեցրել է, որ Ռուսաստանն իր կամքով այնտեղից դուրս չի գա, ինչպես Աբխազիայից և Սամաչաբլոյից (խմբ․Հվ.Օսիա):

Կվախաձեն, սակայն, մտածում է, որ Ադրբեջանի կողմից Սյունիքի վերաբերյալ նկրտումների մասին հայտարարություններն ընդամենը հռետորաբանություն են։ 

Իսկ Թաթուլ Հակոբյանն էլ ներկայիս իրավիճակը համեմատում է 1994-ի՝ հետպատերազմյան ժամանակաշրջանի հետ: Ըստ նրա, հիմա Ալիևն անում է այն, ինչ հայկական կողմն արեց 94 թվականի պատերազմի արդյունքում․ 

«Հիմա դերերը փոխվել են, բայց միշտ պետք է հիշել, որ պատմության անիվը նորից հնարավոր է շրջվի: Պահանջելով ավելին՝ Ադրբեջանը կարող է սկսել կորցնել: Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի այն ժամանակ, երբ կողմերը կիսով չափ բավարարված կլինեն նրանով, ինչ ուզում են: Քանի դեռ սա չկա, պատերազմը վերսկսվելու հավանականությունը միշտ էլ կա»: