Նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակը

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հունիսի 13-ին նշվեց վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից: 

Ընդունելության ու համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալին, Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն, խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Սոզար Սուբարին, այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, հոգևորականներ, հայտնի հյուրեր ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից:

Բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, ով ողջունեց հյուրերին, խոսեց վրաց-հայկական դիվանագիտական հարբերությունների կարևորության մասին:

«Երկու ժողովուրդներն էլ բազմադարյա պատմության ընթագքում անցել են բազմաթիվ փորձությունների միջով, սակայն մեզ միավորում է պատմությունը, 

կրոնը, մշակույթը և այլ բազմաթիվ օրինակներ: Անկախությունից ի վեր Հայաստանն ու Վրաստանը զարգացրել են փոխըմբռնման և ընդհանուր շահի վրա հիմնված հարաբերությունները»,-  նշեց Սադոյանը:

Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիի խոսքով՝ այս կարճ ժամանակաշրջանը չէ, որ ի ցույց է դնում երկու երկրների միջև հարաբերությունների ավանդույթը, քանի որ այն տարիների պատմություն ունի:

Ըստ Դարսալիի՝ արագ փոփոխվող քաղաքական միջավայրում շատ կարևոր է երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, որպեսզի երկուստեք հնարավոր լինի մարտահրավերներին դիմակայելն ու առաջընթացը:

Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ընդգծեց, որ Վրաստանի և Հայաստանի միջև կապը պամությունից է գալիս և դրա վառ ապացույցը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարիներն են, որի վրա էլ հիմնված են ապագա հարաբերությունները:

«30 տարի է հաստատված են դիվանագիտական հարաբերությունները և մենք պետք է ամենն ամփոփենք, պահենք սրտում և մտքում, պահպանենք ամենն ու էլ ավելի խորացնենք և հզորացնենք բոլոր ուղղություններով»,- ասում է Աբաշիձեն:

Խոսելով վրաց-հայկական հարբերություններիի մեջ առկա անլուծելի հարցերի մասին Աբաշիձեն ասում է, որ յուրաքանչյուր հարևան պետությունների մեջ էլ կան խնդիրներ, սակայն այդ խնդիրները պետք է լուծվեն հաշվի առնելով անցյալը, ներկան, բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները:

«Վրաց-հայկական հարաբերությունները ոչ թե 30, այլ 3000 տարուց ավել պատմություն ունեն: Աշխարհում քիչ են երկները, որոնք 3000 տարի հարևանությամբ են ապրել և այդ տարիներին երբեք պատերազմ չեն ունեցել միմյանց միջև, սա իսկապես տարբերվող է, և մենք միմյանց կապված՝ մշակույթով, կրոնով եկել ենք առ այսօր»,- ասում է խորհրդարանի «Վրացական երազանք» կուսակցութան պատգամավոր Սոզար Սուբարին:

Պատգամավորը նկատում է, որ Վրաստանն ու Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել առաջին անկախության տարիներին, որից հետո կորցրել են անկախությունը և նորից վերականգնել ու շարունակում են հարևանական հարաբերությունները ինչպես երկու երկների բարձրաստիճան այրերի, այլև երկու երկրների ժողովուրդների միջև:

Ըստ Սուբարիի՝ հարևան պետությունների միջև երբեք չեն կարող լինել անլուծելի հարցեր, խնդիրներ:

«Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը նկատում է՝ այն փաստը, որ Վրաստանն ու Հայաստանը միասին հասել են 21-րդ դար, վկայում է երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունների մասին.

«Վերջին շրջանում ստորագրված փաստաթղթերը, երկկողմ այցերը վկայում են այն մասին, որ մենք պահանջված ենք միմյանց համար»:

«Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի ղեկավար Առնոլդ Ստեփանյանն էլ ասում է, որ երկկողմ հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, սակայն կա հնարավորություն այն ավելի արագ զարգացնելու համար:

«Վերջին տարիներին նկատվում է հարաբերությունների ակտիվացում. այն կարող է կապված լինել իշխանությունների, դիվանագիտությունների հետ»,-  ասում է Ստեփանյանը և հույս հայտնում, որ այդ տեմպը չի նվազի:

Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Սումբատ Կյուրեղյանը վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունները գնահատում է պասիվ-գերազանց: Ըստ պատգամավորի՝ պասիվ է, քանի որ բազմաթիվ ռեսուրսներ չեն օգտագործվել այդ հարաբերությունների ամրապնդման համար:

«Անլուծելի խնդիրներ հարաբերություններում չկան, բայց կան չհայտնաբերվածները, որոնց համար հարկավոր է մեխանիզմներ մշակել և դրանք ևս լուծելի կլինեն»,- նկատում է Կյուրեղյանը: