Օգոստոսյան պատերազմից 15 տարի անց. մոմավառություն Գորիում

Երեկ ուշ երեկոյան Վրաստանի Գորի քաղաքում գորեցիներն ու տեղական իշխանության ներկայացուցիչները հավաքվել են ռուս-վրացական պատերազմում զոհված մարտիկների հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին։

2009 թվականից ի վեր Գորիի Հերոսների հուշահամալիրում մոմավառության ակցիա է անցկացվում: Պատերազմի 15-րդ տարելիցի կապակցությամբ 2023 թվականի օգոստոսի 7-ին նրանք կրկին հավաքվել են և վերհիշել պատերազմական անցուդարձը։

Կառավարության պաշտոնյաները հուշահամալիրը զարդարել են ծաղկեպսակներով։ Այս տարվա նորույթն այն էր, որ հրապարակի կենտրոնում լուսավոր սյուն էր տեղադրվել, որի վրա փորագրված էին նահատակների անուն-ազգանունները։

Օգոստոսյան պատերազմի 15-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները Գորիում կշարունակվեն նաև այսօր` օգոստոսի 8-ին։

Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:

Ուշագրավ է, որ բացի Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին:

Երեկ՝ օգոստոսի 7-ին, պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը և այլք: