Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Թբիլիսիում է

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր պաշտոնական այցի շրջանակներում հյուրընկալել է ադրբեջանցի գործընկեր գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին:

Ինչպես «Ալիք Մեդիային» հայտնեցին Վրաստանի պաշտպանության նախարարությունից, երկու երկրների նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության և պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո անցկացված ընդլայնված ձևաչափով հանդիպմանը Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը աջակցելու համար և նշել, որ երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները տարածաշրջանում կայունության և անվտանգության երաշխիքն են:

Նախարարները նաև զրուցել են ռազմական ոլորտում համագործակցության մասին: Հանդիպման ավարտին Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը 2020 թվականի երկկողմ համագործակցության ծրագիր են ստորագրել, ինչը պաշտպանության ոլորտում կնպաստի համագործակցության էլ ավելի խորացմանը և հաջող համագործակցությանը: