Ռուսական ագրեսիայի հետևանքները մեծաթիվ զոհերն են և ժամանակավոր օկուպացիան. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում արձագանքել է ռուս-վրացական պատերազմի 15-րդ տարելիցին։

Վարչապետի հայտարարությունը վերաբերում է ռուսական ռազմական ագրեսիայի հետևանքներին: Ըստ վարչապետի՝ Վրաստանի օկուպացումը մնում է երկրի ինքնիշխանության և հետագա զարգացման հիմնական մարտահրավերը։

«2008 թվականի օգոստոսյան պատերազմի սկզբից անցել է 15 տարի: Այսօր առանձնահատուկ օր է բոլորիս համար. ռուսական ռազմական ագրեսիան հանգեցրեց հսկայական մարդկային զոհերի, քաղաքացիական անձանց հարկադիր տեղահանման և մեր տարածքների ժամանակավոր օկուպացման, ինչը դեռևս մնում է մեր երկրի ինքնիշխանության և հետագա զարգացման հիմնական մարտահրավերը։

Այսօր ևս մեկ անգամ հարգելու ենք պատերազմում զոհված մեր հերոս զինվորների և խաղաղ բնակիչների վառ հիշատակը»,- գրել է վարչապետը:

Վարչապետի խոսքով, իրենց կառավարությունը հավատարիմ է մնում տարածքային ամբողջականության վերականգնման և երկրի վերամիավորման խաղաղ ճանապարհին:

«Մենք առաջնորդվում ենք այն անսասան համոզմունքով, որ խաղաղ, միասնական, ուժեղ, զարգացած Վրաստանը լավագույն հեռանկարն է վրացիների, օսերի, աբխազների և մեր հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի այդ նպատակը շուտով իրականություն դառնա»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։

Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:

Ուշագրավ է, որ բացի Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին:

Երեկ՝ օգոստոսի 7-ին, պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը և այլք: