Կիևը համերաշխություն է հայտնում վրաց ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի և Վրաստանի տարածքների ամբողջական ապաօկուպացումը, ռուս օկուպանտների պատիժը և նրանց պատճառած վնասի փոխհատուցումը խաղաղություն և կայունություն կհաստատի Եվրոպայում և աշխարհում։

Զելենսկին Twitter-յան իր միկրոբլոգում արձագանքել է 2008 թվականի ռուս-վրացական օգոստոսյան պատերազմին և համերաշխություն հայտնել վրաց ժողովրդին։

«Վրաստանում Ռուսաստանի զինված ագրեսիայի 15-ամյակի կապակցությամբ մենք մեր համերաշխությունն ենք հայտնում վրաց ժողովրդին և մեր ամուր աջակցությունն այդ երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը…»,- գրել է Զելենսկին։

Ի դեպ, երեկ լրացավ ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 15-րդ տարին: 2008 թվականի ամռանը Ցխինվալիի շրջանի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա զինված դիմակայության՝ Ռուսաստանի և Վրաստանի ներգրավմամբ:

Վրաստանի քաղհասարակության, ընդդիմադիր գործիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների պնդմամբ՝ Ռուսաստանը Վրաստանի վրա հարձակվել է օգոստոսի 7-ին, իսկ իշխանությունը հարձակման օր է համարում օգոստոսի 8-ը, ինչը, ըստ ընդդիմադիրների՝ ռուսական պրոպագանդա է Վրաստանին պատերազմն սկսելու մեղավոր համարելու ձգտմամբ:

Ուշագրավ է, որ բացի Վրաստանի արտաքին գործերի նախարարարությունից, մյուս պետական կառույցները սոցցանցերում իրենց էջերի լուսանկարները փոխարինել են «Օգոստոսի 8» լուսանկարով, իսկ ԱԳՆ-ն պատերազմի վերաբերյալ հայտարարությունը տարածել էր օգոստոսի 7-ին:

Երեկ՝ օգոստոսի 7-ին, պատերազմի վերաբերյալ հայտարարություններ են արել Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը, Վրաստանում Ամերիկայի դեսպանատունը և այլք: