«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեպքում նախագահը վետո կդնի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման դեպքում ինքը վետո կդնի այդ օրենքի վրա։

Այս հայտարարությունը նա արել է այսօր՝ փետրվարի 28-ին, գենդերային հավասարության ամենամյա քաղաքական ֆորումի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։

«Ես կտրականապես դեմ եմ այդ ​​օրենքին և չեմ միանալու դրա քննարկմանը, բոլոր դեպքերում վետո կդնեմ։ Այս օրինագծի ընդունումը նշանակում է Վրաստանի հեռացում Եվրոպայից։ Հետևաբար, ինձ համար դա անընդունելի է։ Ռուսաստանի կառավարությունը տարիներ շարունակ օգտագործում է նմանատիպ օրենքը՝ ճնշելու նպատակով անկախ լրատվամիջոցներին և քաղաքացիական սեկտորին»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին»:

«Ժողովրդի ուժը» շարժումը ստեղծել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին. նրանց են միացել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին թիմակիցներ, հասարակական գործիչներ:

Վրաց քաղաքագետները շարժումն անվանել էին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «հիմնադրած նոր քաղաքական ուժ», որն, ըստ նրանց՝ ավելի արմատական է լինելու: Փորձագետների գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները: