Պապուաշվիլին հեռախոսազրույց է ունեցել ուկրաինացի գործընկերոջ հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խոսել է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի նախագահը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայի դեմ շարունակվող ռուսական ագրեսիան և դրա ողբերգական հետևանքները։ Ռուսլան Ստեֆանչուկը շնորհակալություն է հայտնել Վրաստանին ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Վրաստանում ուկրաինացիների հանդեպ առանձնահատուկ հոգատարության և ուշադրության համար։

«Ես ևս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի ամուր աջակցությունն ու համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին։

Հանդիպմանը պայմանավորվեցինք, որ հետագայում տարբեր տեղեկությունների վերաբերյալ թյուրիմացություններից խուսափելու համար կարևոր են երկկողմ շփումները և տեղեկատվության փոխանակումը»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկության՝ կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Ուկրաինայի միջև ԵՄ անդամակցության գործընթացում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորությունը.

«Մենք պայմանավորվել ենք առաջիկա օրերին Ուկրաինա կատարելիք այցի մասին»։