Փաշինյանի հաղթանակը մեզ համար ավելի գերադասելի էր. վրաց փորձագետ

Հայաստանի Հանրապետությունում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից ժամեր անց Վրաստանի փորձագիտական շրջանակները սկսեցին քննարկել հարևան երկրում զարգացած իրադարձությունները:
Կից ներկայացնում ենք Միջազգային հարաբերությունների մասնագետ Թոռնիկե Շարաշենիձեի ֆեյսբուքյան գրառումը.
«Փաշինյանի հաղթանակով տարվելը պարզ է, սակայն՝
  1. Նրա կուսակցության հաղթանակը սպասելի էր և, համապատասխանաբար, Մոսկվայի համար որևէ տիպի տհաճ անակնկալ չի եղել:
  2. Փաշինյանը նույն Քոչարյանից շատ ավելի արևմտամետ է, սակայն սա, մեծ հաշվով, չի փոխում այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը պատերազմում պարտվելուց հետո. երկիրն Ադրբեջանի հետ պատերազմում կորցրել է տարածքներ, շատ է տուժել, իսկ նրա գլխավոր պատմական թշնամին՝ Թուրքիան սերտորեն հաստատվել է տարածաշրջանում: Համապատասխանաբար, Հայաստանը Ռուսաստանի կարիքն ավելի շատ ունի որպես փրկիչ:
  3. Ռուսաստանին որպես փրկիչ ընդունելուց ապահովագրվելու համար Հայաստանը պետք է հաշտվի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Սակայն սա շատ ավելի հեշտ էր անել մինչև նախորդ տարվա պատերազմը, երբ Հայաստանն ուժեղ դիրքեր ուներ: Եթե սա չի կարողացել անել Փաշինյանի (ինչպես նաև նրանից առաջ եղածները) իշխանությունը, կասկածելի է, որ դա ստացվի հիմա, երբ հայ ժողովրդի մոտ պատմական թշնամիների նկատմամբ ավելի շատ նեգատիվ կա:
  4. Փաշինյանն արդեն  լուրջ սխալներ է արել առաջին կառավարման ընթացքում (պատերազմը հենց դրա հետևանքն է)։ Որևէ երաշխիք չկա, որ հետագայում ևս նման կերպ չի վարվի: Չնայած այս ամենին, նրա հաղթանակը մեզ համար ավելի գերադասելի էր, սակայն ընդամենը այս է….»,- գրում է փորձագետը

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։