Պուտինը շնորհավորել է Ցխինվալիի շրջանի նորընտիր դե ֆակտո նախագահին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ալան Գագլոևին՝ Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանի նորընտիր դե ֆակտո նախագահ ընտրվելու կապակցությամբ։

«Հուսով եմ, որ Ձեր աշխատանքն այս բարձր պաշտոնում կնպաստի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության սկզբունքների վրա հիմնված հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Ռուսաստանն իր հերթին կշարունակի աջակցել Հարավային Օսիայի բարեկամներին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ընթացիկ խնդիրների լուծման, ինչպես նաև ազգային անվտանգության ապահովման գործում։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն, առողջություն և բարեկեցություն»,- ասված է Կրեմլի կայքում տեղադրված շնորհավորական ուղերձում։

Նշենք, որ Ցխինվալիի դե ֆակտո Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Նիկաս» կուսակցության առաջնորդ Գագլոևը «նախագահական ընտրություններում» ստացել է ձայների 54,2 տոկոսը, իսկ գործող «նախագահ» Անատոլի Բիբիլովը՝ 43,3 տոկոսը։

Գագլոևին «հաղթանակի» կապակցությամբ շնորհավորել են Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն ու Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը  դատապարտել է Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի շրջանում կայացած «նախագահական ընտրությունները»։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական ​​անդամ Ջիմ Ռիշը ևս դատապարտել է Ցխինվալիի շրջանում անցկացված «նախագահական ընտրությունները»։

Կարդացեք նաև՝

Բիբիլովը պնդում է` ՌԴ-ին միանալու հանրաքվեն ուժի մեջ է

Հվ․ Օսիայում դե ֆակտո նախագահ են ընտրել