Վրաստանի սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ հուլիսին սոցիալական անապահովության նպաստ է ստացել ընդհանուր առմամբ 576 հազար 902 անձ։ Նրանցից 163 հազար 868-ն ընդգրկված է զբաղվածության պետական ծրագրում, որը 2026 թվականից այլևս չի շարունակվել, սակայն նրանք, ովքեր դեռ պետք է ավարտեն 4-ամյա ժամկետը, շարունակում են մնալ համակարգում։ Հունիսի համեմատ նպաստառուների թիվը նվազել է 7235-ով։
Պետությունն ակտիվորեն սկսել է սոցիալապես անապահով ընտանիքների վերստուգման գործընթացը, և, «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի տեղեկացմամբ, մինչև տարեվերջ նախատեսվում է ստուգել ևս 65 հազար ընտանիքի սոցիալական կարգավիճակը։
Կոբախիձեի տարեկան հաշվետվության համաձայն՝ այս տարի արդեն դադարեցվել է 22 հազար 707 ընտանիքի նպաստի հատկացումը։ Մասնավորապես, 5 ամսվա ընթացքում պետությունը վերստուգել է ավելի քան 40 հազար ընտանիքի և կեսից ավելիին զրկել օգնությունից, ինչով, վարչապետի խոսքով, տնտեսվել է մոտ 55 միլիոն լարի։
«Մինչև տարեվերջ նախատեսված է մոտ 65 հազար ընտանիքի տվյալների վերանայում։ Եթե հիմք ընդունենք առկա միտումը, հավանաբար, տարեվերջին տնտեսումը կկազմի 75 միլիոն լարի։ Սակայն գործընթացները կշարունակվեն նաև դրանից հետո։ Այժմ ընտանիքներն ընտրված են կոնկրետ չափանիշով, իսկ հաջորդ վերստուգումը պետք է ընդգրկի բոլոր ընտանիքներին», — ասել է Կոբախիձեն։