Ռիքերի այցի շեշտադրումները. Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հեռանկարները

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Վրաստանի առաջընթացը բարձր է գնահատել: Այս մասին ասվում է Ռիքերի՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ:

«Քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը և աշխարհաքաղաքական նոր միջավայրը: Ուշադրություն է դարձվել, թե ինչ դեր կարող է ունենալ Վրաստանը՝ տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Նշվել է, որ Վրաստանն այս ուղղությամբ ԱՄՆ-ի լիակատար աջակցությունն ունի», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկության, զրույցը հիմնականում վերաբերել է Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը բարձր է գնահատել այն առաջընթացը, որը Վրաստանը գրանցել է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարցում: Հանդիպմանը շեշտվել է, որ ԱՄՆ ղեկավարությունը ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում Վրաստանի գրանցած առաջընթացին հստակ կանդրադառնա:

Ավելի ուշ Ֆիլիպ Ռիքերը մամուլի ասուլիս է անցկացրել, որից հետո՝ հանդիպել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ:

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը կշարունակի իր այցը Հայաստան և Ադրբեջան, որտեղ կհանդիպի կառավարության, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հետ` քննարկելու երկկողմ գերակայությունները և Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: