Ռումինիան Վրաստանի ակտիվ աջակիցն է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում

Բուխարեստ պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկայի հետ և քննարկել Վրաստանի ու Ռումինիայի միջև հարաբերությունների զարգացման հարցերը։ Այս տեղեկությունը տարածել է նախագահի աշխատակազմը։

Վրաստանի փոխարտգործնախարար Թեյմուրազ Ջանջալիայի խոսքով, Վրաստանը և Ռումինիան շատ ինտենսիվ և արդյունավետ համագործակցում են։

Նրա խոսքով, ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը, որը երեկ` հոկտեմբերի 11-ին ստորագրել են Վրաստանի և Ռումինիայի նախագահները, գործնականում ներառում է բոլոր այն ուղղությունները, որոնք կապում են երկու երկրներին և այն թեմաները, որոնք շատ կարևոր են Վրաստանի և Վրաստանի արտաքին քաղաքականության համար՝ դա Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրումն է և Ռումինիայի աջակցությունը տնտեսական, քաղաքական ու սոցիալական ուղղություններով:

«Վարչապետի հետ հանդիպմանն ընդգծվել են երկկողմ համագործակցության ակտուալ թեմաները։ Ռումինիան մնում է Վրաստանի ակտիվ աջակիցը ինչպես Եվրամիության շրջանակներում, այնպես էլ տարբեր միջազգային ֆորումներում։

Ինչպես նշեցի, Ռումինիան մեր տարածքային ամբողջականության և մեր ինքնիշխանության շատ ակտիվ ջատագովն է։ Այս ուղղությամբ մենք շատ ենք համագործակցում միջազգային կազմակերպությունների շրջանակներում, և Ռումինիան միշտ նշում է, որ Վրաստանի օկուպացված տարածքները մեր երկրի անբաժան մասն են», — ասել է Ջանջալիան։

Վրաստան-Ռումինիա ռազմավարական համագործակցության հաստատման մասին հռչակագիր է ստորագրվել