Ռուս-աբխազական «սահմանի» թողունակությունը կավելանա

Ռուսաստանի և Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի միջև դե ֆակտո սահմանային անցակետում (Ադլեր) նախատեսվում է թողունակությունը հասցնել օրական 100 հազար մարդու և 20 հազար մեքենայի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դիմիտրի Չերնիշենկոն Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի հետ հանդիպումից հետո։

Չերնիշենկոն վստահություն է հայտնել, որ ռուսաստանյան տուրօպերատորների և ընկերությունների մուտքը աբխազական շուկա կնպաստի Աբխազիայի բարգավաճմանը և լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը։

«Տեղական զբոսաշրջության զարգացման առանցքային խնդիրներից մեկը լոգիստիկան է»,- ասել է Չերնիշենկոն։

Նրա խոսքով, «Ադլեր» անցակետի արդիականացումը տեղի կունենա «Տրանսպորտային համակարգի զարգացում» պետական ​​ծրագրի շրջանակներում։ Աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2025 թվականին։

Չերնիշենկոն նշել է, որ կվերակառուցվի նաև Սոխումի օդանավակայանը։

«Կարծում եմ՝ կանոնավոր չվերթները զբոսաշրջիկների կգրավեն ոչ միայն Կրասնոդարի երկրամասից և հարևան Սոչիից, այլ ամբողջ Ռուսաստանից։ Դրա համար կան բոլոր նախադրյալները»,- ասել է Չերնիշենկոն: