Ռուսական ռուբլու ռեկորդային արժևորումն ու վրացական լարին

Լարիի նկատմամբ ռուսական ռուբլու արժևորումը՝ պայմանավորված դոլարի նկատմամբ լարիի կայունացմամբ, ուղիղ ազդեցություն չի ունենա Վրաստանի տնտեսության վրա: Նման կարծիք են հայտնում վրացի տնտեսագետները՝ նշելով, որ այս պահին տրանսֆերտների մեծ մասը գալիս է Արևմուտքից։

Ռուսաստանից փոխանցումների կրճատումը հաստատում է, որ ռուբլին շուկայում այդքան էլ «գլխավոր խաղացող» չէ։

Վրաստանի Ազգային բանկի տվյալները ևս փաստում են, որ մարտ ամսին Ռուսաստանից Վրաստան տրանսֆերտները նվազել են, իսկ ԵՄ անդամ երկրներից դրանք աճել են 14,2 տոկոսով։

Որոշ տնտեսագետներ ընդգծում են, որ ռուբլին երբեք էլ Վրաստանում շատ պահանջարկ չի ունեցել, հետևաբար նաև այս փաստն է վկայում, որ ռուբլու կայունացումը չի ազդի տնտեսության վրա։

Տնտեսական հարցերով փորձագետ Ակակի Ցոմայան «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ լարին ռուբլու նկատմամբ արժեզրկվել է, քանի որ ռուբլին կայունացել է նաև դոլարի նկատմամբ․

«Ռուբլու կայունացումը նաև կախված չէ Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների ներհոսքով, քանի որ նրանք լարի են գնում, հետևաբար Վրաստանում նրանք ռուբլի են վաճառում, լարի գնում»։

Ռուսական ռուբլին, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին սրընթաց արժեզրկվում էր նաև լարիի նկատմամբ, այսօր արդեն ամրապնդելով դիրքերը՝ նույնիսկ անցել է նախապատերազմյան շրջանի փոխարժեքի սահմանը։

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով ռուսական ռուբլու պաշտոնական փոխարժեքը հասել է 4,1294 լարիի։ Ըստ այդմ՝ 1000 ռուբլու դիմաց կարելի է ստանալ 41 լարի:

Հատկանշական է, որ ռուսական ռուբլու փոխարժեքը վերջին անգամ նման նշագծի էր հասել 2021 թվականի նոյեմբերի 30-ին:

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծած պատերազմի և Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին ռուբլու պաշտոնական փոխարժեքը անկում էր ապրել՝ հասնելով մինչև 2,4 լարիի, իսկ բանկերում երբեմն 1000 ռուբլու դիմաց տալիս էին 10-12 լարի։

Ցոմայան դոլարի հանդեպ ռուբլու կայունացմանը նպաստող մի քանի պայման է առաջ բերում.

«Առաջինն այն է, որ Ռուսաստանի կառավարությունը վերահսկողություն է սահմանել կապիտալի հանդեպ, այսինքն արտահանվող ապրանքների 80 տոկոսի դիմաց պահանջում է վճարել ռուբլիով։ Երկրորդ՝ չի թույլատրվում այլ արտարժույթի երկրից դուրսբերում»։

Ցոմայայի խոսքով՝ երրորդ պայմանն այն է, որ սահմանափակում կա նաև ռուբլին այլ արտարժույթով փոխանակելու նկատմամբ։

«Չորրորդն էլ այն է, որ ներմուծումը նվազել է, իսկ արտահանումը չի սահմանափակվել, այսինքն առևտրի հաշվեկշիռն աճել է։ Ահա թե ինչու է կայունացել ռուբլին դոլարի, հետևաբար նաև լարիի նկատմամբ»։

Ցոմայան ռուբլու լարիի նկատմամբ կայունացումը կապում է ռուբլու՝ դոլարի նկատմամբ կայունացման հետ։

«Չեմ կարծում, որ ռուբլու արժևորումն այս փուլում լուրջ խնդիր է, քանի որ այն ոչ առաջ և ոչ էլ Ուկրաինայում ընթացող պատերազմի ֆոնին պահանջված տարադրամ չէ, մանավանդ, որ հիմա պատժամիջոցների լուրջ փաթեթ է ներդրվել»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է BMG-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն։

Նա նաև նշում է, որ ռուբլին չի շրջանառվում այնպես, ինչպես պետք է լիներ, հետևաբար, ռուբլու այս արժևորումն իրատեսական չի համարում։ Նամանավանդ այն ​​պայմաններում, երբ Ռուսաստանի կառավարությունը դեռ համարժեք միջոցներ չի ձեռնարկել ռուբլու և ամբողջ ֆինանսական համակարգի փլուզումը կանխելու համար, ներառյալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը:

Իսակաձեի կարծիքով՝ լարիի արժեզրկումը չափազանցված գնահատական ​​է.

«Այն այժմ ավելի կայուն փուլում է Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկին նախորդած թեթև հուզական ցնցումից հետո, երբ Ազգային բանկը, փոքր ուշացումով, բայց հասցրեց արտարժույթի շուկային միջամտել»։

Ըստ Իսակաձեի՝ Վրաստանում Ռուսաստանից եկած քաղաքացիների ներհոսքը փոխհատուցում է այն խնդիրը, որը Վրաստանին պակասել է տրանսֆերտների առումով։

Կարդացեք նաև՝

https://www.aliq.ge/javaxkhi-bnakichnereh-rublu-arzhezrkman-hetevankhneri-kroghner/