«Ռուսաստանն օկուպանտ է». քաղհասարակությունն ընդդեմ Ղարիբաշվիլիի

Facebook սոցիալական ցանցի Վրաստանի կառավարության պաշտոնական էջում քննադատական ​​մեկնաբանություններ թողնելուց հետո մի շարք օգտատերեր տեղեկացրել են իրենց ֆեյսբուքյան էջերի արգելափակման մասին:

Ինչ է կատարվում

Facebook-ում Վրաստանի կառավարության պաշտոնական էջը տարածել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, որում չի նշվում Ռուսաստանը, իսկ 102-ամյա օկուպացիան գնահատվում է որպես «ողբերգական իրադարձություն»։

Վրաստանի կառավարության այլ գրառումներում ասվում է, որ խորհրդային օկուպացիայի 102-րդ տարելիցի կապակցությամբ դրոշներ են խոնարհվել վարչական շենքերի և արտերկրում Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա:

Կառավարության հրապարակման տակ կարելի է հանդիպել հետևյալ գրառումներով մեկնաբանություններ.

  • «Ողբերգական իրադարձությունը դուք եք, Ռուսաստանն օկուպանտ է»,
  • «Ռուսաստանն օկուպանտ է։ Եթե ​​ջնջես, էլի կգրեմ»,
  • «Ռուսաստան բառը չհիշատակելը շատ ամոթալի է։ Դուք չեք կարող կեղծել անցյալը և չեք կարող այն գեղեցկացնել: Ռուսաստանը օկուպանտ է»,
  • «Ինչ արագ եք ջնջում: Ռուսաստանն օկուպանտ է, և մեկնաբանությունները ջնջելով չես կարող փոխել այդ իրականությունը»,
  • «Վրաստանի կառավարություն, դուք Վրաստանի ամենամեծ ողբերգական իրադարձությունն եք։ Ռուսաստանն օկուպանտ է» և այլն:

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ, փետրվարի 25-ը հայտարարվել է Խորհրդային օկուպացիայի օր:

1921 թվականի փետրվարի 25-ին ռուսական 11-րդ կարմիր բանակը Թբիլիսին գրավեց և տապալեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված Վրաստանի իշխանությանը, ինչից հետո իրականացվեց Վրաստանի Ժողովրդավարական Հանրապետության բռնակցումը ԽՍՀՄ-ին: