Ռուսթավելի պողոտայի վերականգնման արժեքն ավելացել է ավելի քան 500 հազար լարիով

Թբիլիսիի քաղաքապետարանի և «Սմարթ Սոլուշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև Ռուսթավելի պողոտայի վերականգնողական աշխատանքների վերաբերյալ կնքված պետական գնումների պայմանագրում փոփոխություն է կատարվել։ Համաձայնագրի համաձայն՝ նախագծի ընդհանուր արժեքն ավելացել է 577 հազար 800 լարիով։ Սկզբնապես սահմանված 5 մլն 778 հազար 105 լարիի փոխարեն աշխատանքների բյուջեն կազմել է 6 մլն 355 հացար 905 լարի։

Արդյունքում՝ վերջին շաբաթվա ընթացքում Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության և «Սմարթ Սոլուշնս» ընկերության միջև կնքված երկու պայմանագրերի համաձայն՝ երկու հատվածների վերականգնման արժեքն ընդհանուր առմամբ ավելացել է 725 հազար669 լարիով։

Հոկտեմբերի 13-ին հրապարակված պայմանագրերը վերաբերում են Մթածմինդա շրջանում՝ Շ․ Ռուսթավելի պողոտայի (սկսած «Մերանի» առևտրի կենտրոնից մինչև Բեսիկի փողոց) հատվածի վերականգնողական աշխատանքներին։

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ օբյեկտի շինարարական-վերականգնողական գործընթացում, ինժեներաերկրաբանական պայմանների և շինհրապարակի մանրակրկիտ ստուգման արդյունքում, բացահայտվել են անկանխատեսելի գործոններ։ Քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ նշված հանգամանքները նախապես կանխատեսելն անհնար է եղել նախնական նախագծային փաստաթղթերի պատրաստման փուլում։

Ճանապարհի կառուցվածքային կայունության, շահագործման հուսալիության և երկարակեցության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախագծում կատարել մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, առատ տեղումների պիկ ժամանակահատվածում ջրհավաք համակարգի անխափան աշխատանքի համար ներմուծվել են բարձր ամրության և թողունակության երկաթբետոնե խողովակներ։