«Ռուսթավի 2»-ի խմբագրային քաղաքականության փոփոխության հարց չկա. Բախտաձե

«Ռուսթավի 2»-ի խմբագրային քաղաքականության փոփոխության հարց չկա և նմանատիպ խոսակցությունները ոչ մի հիմք չունեն: Այսպես է մեկնաբանել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալված իրադարձությունները:

Նրա խոսքով, սրա երաշխիքը բազմակարծությունն է, որը «Վրացական երազանքի ձեռքբերումներից է»:

«Մենք երեկ լսեցինք, թե ինչի վրա են կենտրոնացած մեր քաղաքական հակառակորդները: Նրանք կենտրոնացած են ցանկացած տեղեկատվության և դեպքի ոչ ճիշտ մեկնաբանությամբ և փաթեթավորմամբ: Սա Ստրասբուրգի դատարանի կողմից ընդունված որոշումն է և մենք պետք է հարգենք այն: Բազմակարծությունը մեր մեծ ձեռքբերումներից մեկն է և մենք մեծ զգուշությամբ ենք մոտենում դրան»,- հայտարարել է Բախտաձեն:

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին հայտնի դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի՝ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության սեփականության որոշման վերաբերյալ Վրաստանի դատարաններում կոնվենցիայի հոդվածները չեն խախտվել, ուստի՝ Վրաստանում ընդդիմադիր համարվող «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սեփականության իրավունքն անցել է նախկին սեփականատիրոջը՝ Քիբար Խալվաշիին:

Հանրային ռեեստրը նորանշանակ սեփականատեր Քիբար Խալվաշիի պահանջով «Ռուսթավի 2»-ի տնօրեն է նշանակել Պաատա Սալիային՝ Խալվաշիի փաստաբանին: Տնօրենի պաշտոնից Նիկա Գվարամիան էլ հեռացվել է, ինչից հետո ակնկալվում է, որ Վրաստանի թիվ մեկ ընդդիմադիր հեռուստաընկերությունը հնարավոր է փոխի խմբագրային քաղաքականությունը: