Սաակաշվիլիի նամակը «Վարդերի հեղափոխության» օրվա կապակցությամբ

Գորիի զինվորական հոսպիտալից Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բաց նամակ է հրապարակել՝ Վարդերի հեղափոխության 18-րդ տարվա կապակցությամբ։ 

Նամակում Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանը կվերագտնի իր նախկին փառքն ու շքեղությունը, և 18 տարի անց նորից է տալիս այդ երդումը։

Ըստ Սաակաշվիլիի՝ մինչ «Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը խավարի մեջ էր, իսկ հեղափոխությունից հետո` փայլեց։ 

«Իմ հատուկ ժողովուրդ, «Վարդերի հեղափոխությունը» ձեր ստեղծագործությունն է, և ուզում եմ հիշեցնել, որ մինչ հեղափոխությունը Վրաստանը տարածք էր, իսկ հետո դարձավ պետություն։ Վրաստանը դարձավ «ազգ այլ ազգերի մեջ», ինչպես երազում էր Իլիա Ճավճավաձեն։ 

Մենք ապացուցեցինք, որ փոքր գյուղ չենք՝ դառնալով աշխարհի առաջատար բարեփոխող երկիրը։  Միացյալ Նահանգների նախագահն այն ժամանակ հատուկ ժամանեց Վրաստան և մեզ անվանեց «համաշխարհային ժողովրդավարության փարոս»։  Նա ասաց ինձ, որ այս այցն իր կյանքի ամենահիշարժան և ոգեշնչող ճամփորդությունն էր: 

Վրացիները յուրահատուկ ազգ են։ Մենք արժանի չենք ո’չ աղքատության, ո’չ խավարի»,- գրել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլիի ձևակարեպմամբ՝ «Վարդերի հեղափոխության» սերունդն այն մարդիկ են, ովքեր առանց կաշառքի բակալավրիատ են անցել, պետական ​​ֆինանսավորմամբ արտերկրում սովորել, ապահով դպրոցում մեծացել։  «Վարդերի հեղափոխության» սերունդն ազատ, աղջիկներ ու տղաներ են, որոնց համար ազատությունը գերագույն արժեք է։ 

«Վարդերի հեղափոխությունը» Վրաստանը դարձրեց տարածաշրջանի գերաստղ և դարձավ միլիոնավոր մարդկանց ոգեշնչման աղբյուր։ Նա եղել է Ուկրաինայի, Ղրղզստանի, Լիբանանի, արաբական աշխարհի հեղափոխությունների ոգեշնչումը։ Ամբողջ աշխարհը խոսում էր մեր բարեփոխումների մասին, դրա համար էլ Վրաստանն արժանացավ թշնամու առանձնահատուկ ատելության»,- գրել է Սաակաշվիլին։

Սաակաշվիլին նաև հույս է հայտնել, որ Վրաստանը կվերագտնի իր հին փառքն ու շքեղությունը։ 

«Մենք բոլորս պետք է համախմբվենք՝ հանուն ապագայի:

Վրացիները մեր երկիրը հետ կվերցնեն ու բոլորին ցույց կտան, որ մենք ո’չ ծույլ ենք, ո’չ էլ ծախող։  Մենք ստրկության համար չենք ծնված, ազատությունն այսօր մերն է։

Թող Սուրբ Գիորգին օգնի մեզ՝ մեր անխուսափելի հաղթանակում»,- եզրափակել է Միխեիլ Սաակաշվիլիին։ 

Հիշեցնենք՝ 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած «Վարդերի հեղափոխությունից» 18 տարի է անցել: 18 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանի նիստի ժամանակ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր