Վարդերի հեղափոխությունից 18 տարի է անցել

2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած Վարդերի հեղափոխությունից 18 տարի է անցել: 18 տարի առաջ՝ նոյեմբերի 23-ին, խորհրդարանի նիստի ժամանակ ցուցարարները ներխուժեցին խորհրդարան և պահանջեցին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հրաժարականը: Նախագահը հրաժարական տվեց, իսկ ամիսներ անց տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին:

Շևարդնաձեն նախագահ էր ընտրվել դեռևս 1995 թվականին: Իր վարած քաղաքականության շնորհիվ նա հաճախ դիտվում էր որպես խամաճիկ, ով օգտագործվում էր Ռուսաստանի կողմից:

Հեղափոխությունը հաջորդեց 2003 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ընտրությունները կեղծվել էին իշխող երկու կուսակցության՝ «Քաղաքացիների միավորում» և «Վերածնունդ»-ի օգտին:

2003-ի առաջին ցույցը տեղի ունեցավ նոյեմբերի 4-ին: Սկզբից ընդդիմության հիմնական պահանջը Աջարիայի ընտրատարածքներում արդյունքների չեղյալ հայտարարումն էր: Քաղաքում հատուկ ջոկատայիններ հայտնվեցին, ինչպես նաև ներքին զորքերի ներկայացուցիչները, որոնք մոբիլիզացված էին կառավարության և կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքերի մոտակայքում: Շևարդնաձեն ընդդիմությանը երկխոսության կոչ արեց:

Հաջորդ օրը «Միացյալ ազգային շարժումն» ու «Միացյալ դեմոկրատները» (Զուրաբ Ժվանիայի և Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ) միասին ցույց կազմակերպեցին: Նրանք իրենց անվանում էին «Դիմադրության միասնական ճակատ»: Պահանջը հստակ ձևակերպվեց. չեղյալ հայտարարել Մառնեուլիի, Բոլնիսիի, Տկղիբուլիի, Բաթումիի, Քոբուլեթիի ընտրատարածքների և արտերկրում գտնվող դեսպանատներում ընտրությունների արդյունքները: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Զուգդիդիում անհայտ անձինք կրակ բացեցին ցույցի դուրս եկած «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչների վրա: Սաակաշվիլին սադրանքներ հրահրելու մեջ մեղադրեց նախագահին և ներքին գործերի նախարարին:

Նոյեմբերի 8-ին զանգվածային ցույց եղավ Թբիլիսիում՝ Ազատության հրապարակում, որին, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 20 հազար ցուցարար մասնակցեց, պահանջը նույնն էր՝ նախագահի ու ներքին գործերի նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 9-ի առավոտյան անսպասելի կերպով ցուցարարներին հանդիպում է նախագահ Էդուարդ Շևարդնաձեն՝ ցանկանալով բանակցություններ վարել: Սակայն ապարդյուն: Նույն օրը երեկոյան Կրծանիսիի նստավայրում բանակցություններ տեղի ունեցան Շևարդնաձեի ու ցուցարարների առաջնորդների՝ Միխեիլ Սաակաշվիլիի, Զուրաբ Ժվանիայի ու Նինո Բուրջանաձեի միջև: Հանդիպումն ավարտվեց առանց արդյունքների: Հանդիպումն առաջինը լքեց Սաակաշվիլին և ժողովրդին ավելի լայնածավալ ցույցերի կոչ արեց: Այդ օրվանից Վրաստանի խորհրդարանի մոտ ցույցերն ամենօրյա բնույթ ստացան։ Ցույցեր էին անցկացվում նաև շրջաններում: Սակայն Շևարդնաձեն շարունակում էր երկխոսության կոչեր անել:

Նոյեմբերի 13-ին Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում իշխանությունների հետ բանակցությունների գնալ: Ցույցերի միակ ու անբեկուն պահանջը նախագահի հրաժարականը դարձավ: Այդ նպատակով ընդդիմությունը ստորագրահավաք սկսեց: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, ցուցարարները կենդանի պատ կազմեցին կառավարության շենքի շուրջը: Հայտարարվեց քաղաքացիական անհնազանդության սկիզբ: Էդուարդ Շևարդնաձեն շարունակում էր երկխոսության կոչեր անել: Նոյեմբերի 20-ին ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ առաջին երկու տեղում էին իշխանական երկու կուսակցությունները, իսկ «Միացյալ ազգային շարժումը» միայն 3-րդը: Ընտրությունների պաշտոնական արդյունքներից դժգոհ էր նաև Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն (ISFED) հասարակական կազմակերպությունը, իսկ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ արդյունքները չեն արտահայտում Վրաստանի քաղաքացիների կամքը: Չնայած այս ամենին, Էդուարդ Շևարդնաձեն խորհրդարանի նիստ նշանակեց նոյեմբերի 21-ին: Նոյեմբերի 22-ին ընդդիմության հանրահավաքին ցուցարարներ բերվեցին նաև շրջաններից:

Նոյեմբերի 22-ին՝ նոր խորհրդարանի առաջին նիստին, երբ Էդուարդ Շևարդնաձեն ողջույնի խոսքով էր հանդես գալիս, Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ ցուցարարները ներխուժեցին նիստերի դահլիճ: Շևարդնաձեն անվտանգության աշխատակիցների օգնությամբ հեռացավ դահլիճից: Դրա հետ մեկտեղ խորհրդարանի հարակից տարածքից հեռացան նաև իշխանություններին աջակցություն հայտնող մարդիկ, ովքեր ցույց էին անում ի աջակցություն Շևարդնաձեի: Ոստիկանությունը ցուցարարներին չխոչընդոտեց ներխուժել խորհրդարանի և կառավարության շենքեր:

Էդուարդ Շևարդնաձեն արտակարգ դրություն մտցրեց: Սակայն արդեն հաջորդ օրը՝ նոյեմբերի 23 –ին, ժամը 20:00-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի միջնորդությամբ տեղի ունեցավ Շևարդնաձեի և ընդդիմության առաջնորդների հանդիպումը, որի ավարտից հետո Շևարդնաձեն հայտարարեց հրաժարական տալու մասին: Նախագահի հրաժարականին հաջորդեցին այլ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ներքին գործերի նախարարի հրաժարականը: Նոյեմբերի 24-ին Սաակաշվիլին հայտարարեց, որ դադարեցնում են քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Նախագահի ժամանակավոր պաշտոանակատար դարձավ Նինո Բուրջանաձեն, որը վերացերց արտակարգ դրությունը:

Ավելին՝ Վարդերի հեղափոխություն. ժամանակագրություն