Սանձելով կորոնավիրուսին․ աշխարհը պատվաստվում է

Ալիք մեդիան վերահրապարակում է evnreport.com -ի հոդվածը:

Մեկ տարուց ավելի աշխարհը պանդեմիայի մեջ պահող կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերն արդեն կիրառվում են՝ սպասումով, որ այսպիսով վիրուսին  հնարավոր կլինի սանձել։ Հայաստանը ևս փորձում է անմասն չմնալ գործընթացից ու աշխատում պատվաստանյութով գոնե ամենախոցելի խմբերին ապահովելու ուղղությամբ։

Պատվաստանյութերի տեսակները

21-րդ դարի առայժմ ամենամեծ մարտահրավեր համարված Covid 19-ի, որ մեկ ու կես տարում արդեն հասցրել է մոտ 137 միլիոն մարդու ախտահարել ու ավելի քան 2 մլն 9 հազար մարդու մահվան պատճառ դառնալ, «գրոհը» կանգնեցնելու միակ միջոցը համարվեց հենց պատվաստումները, քանի որ, ինչպես հաղորդվում է պատվաստանյութերի ամենամեծ գնորդ Միավորված ազգերի կազմակերպության Մանկական հիմնադրամի՝ Յունիսեֆ-ի կայքէջում՝ պատվաստանյութերը նմանակում են հարուցչին՝ վիրուսներ, մանրէներ կամ այլ միկրոօրգանիզմներ, որոնք կարող են հիվանդություն առաջացնել, ինչն էլ իմունային համակարգին «սովորեցնում» է արագ և արդյունավետ կերպով պայքարել հիվանդության դեմ:

Ավանդաբար, պատվաստանյութերը ներմուծում են հարուցչի թուլացած ձև, որը թույլ է տալիս իմունային համակարգին հիշողություն ձևավորել դրա նկատմամբ: Այսպիսով, իմունային համակարգը հետագայում կարող է արագ ճանաչել այն և պայքարել դրա դեմ, նախքան հարուցիչը կհասցնի հիվանդություն առաջացնել:

Պատվաստանյութերի մշակման երեք հիմնական մոտեցում կա ՝ կախված նրանից, թե արդյոք կիրառվում է՝

  • 1․ ամբողջական վիրուսը կամ մանրէն

ա․Ինակտիվացված պատվաստանյութ — պարունակում է լաբորատոր միջոցներով «պասիվացված» վիրուսների սպիտակուցներ։ Օրգանիզմը ճանաչում է «մեռած» վիրուսները և արձագանքում է դրանց՝ ստեղծելով հակամարմիններ, բայց չի հիվանդանում: Այս կերպ պատվաստանյութեր են ստեղծվել, օրինակ՝ գրիպի, պոլիոմիելիտի դեմ:

բ․Կենդանի թուլացած պատվաստանյութ — պարունակում է թուլացած կամ շատ նման վիրուս (օրինակ՝ կարմրուկի, խոզուկի և կարմրախտի պատվաստանյութերը)։

գ․Կենդանի վեկտորային պատվաստանյութեր — պարունակում են անվնաս, թուլացած վիրուսներ (վեկտորներ), որոնք ծառայում են որպես պաթոգեն օրգանիզմներին դեպի բջիջ տեղափոխող (օրինակ՝ էբոլայի պատվաստանյութը):

  • 2․ Իմունային արձագանք առաջացնող միկրոօրգանիզմների մասնիկներ (օրինակ՝ կապույտ հազի և դիֆթերիայի պատվաստանյութերը):
  • 3․ Գենետիկ մասնիկներ — ի տարբերություն թույլ կամ մեռած մանրէներով պատրաստվող պատվաստանյութերի, ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ նուկլեինաթթու պատվաստանյութերում օգտագործվում են հատուկ սպիտակուցներ պարունակող գենետիկական կառուցվածքի մի հատված։ Բնական նուկլեինաթթուները՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) և ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) պարունակում են գենետիկ կոդ, որը բջիջներն օգտագործում են սպիտակուցներ ստեղծելու համար: Այս դեպքում ԴՆԹ-ն նախ վերափոխվում է  իՌՆԹ (mRNA) («ինֆորմացիոն» ՌՆԹ), որն օրգանիզմին հաղորդագրություն է տալիս վիրուսից՝ առանց անմիջապես վիրուսի հետ շփվելու: Շեշտվում է, որ դա չի ազդում գեների վրա: Այսինքն, հակածին (անտիգեն` նյութ, որ ստիպում է իմունային համակարգին հակամարմիններ արտադրել) ներմուծելու փոխարեն, ՌՆԹ և ԴՆԹ պատվաստանյութերը օրգանիզմին են փոխանցում անհրաժեշտ գենետիկական կոդ, ինչն էլ թույլ է տալիս իմունային համակարգին արտադրել հենց այդ հակածինը:

Պատվաստանյութերի համաշխարհային մրցավազք

Դեռևս մեկ տարի առաջ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ունենալն անիրատեսական էր թվում, և անգամ 2020-ի մարտի վերջին պատվաստանյութերի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Ջերոմ Քիմն իր հարցազրույցներում հուսադրող համարելով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց ստեղծելու գաղափարը, հավելում էր, որ դա շատ երկարատև և բարդ գործընթաց է ու որպես կանոն, պատվաստանյութ ստեղծելու համար պահանջվում է 5-ից 10 տարի, սակայն արտակարգ իրավիճակը հաշվի առնելով՝ հույս էր հայտնել, որ ժամկետները կսեղմվեն ու պատվաստանյութ կլինի 12-18 ամիսների ընթացքում։

Սակայն պատվաստանյութ ստեղծելուն ուղղված համաշխարհային նոր մրցավազքն ավելի վաղ տվեց պտուղներ։

Արդեն 2020-ի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին: Մինչև դեկտեմբեր գրանցվեցին նաև մի քանի տեսակի պատվաստանյութեր և աշխարհի շատ պետություններ սկսեցին պատվաստման գործընթացը։

Covid 19-ի դեմ պատվաստանյութերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքի տեղեկատվության համաձայն՝ 2021 թվականի ապրիլի կեսի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության դեմ ավելի քան 200 պատվաստանյութեր գտնվում են մշակման փուլում, մի շարք երկրներում լայն սպառում ունեն առնվազն յոթ տարբեր պատվաստանյութեր։

Covid 19 պատվաստանյութերի մոնիթորինգ իրականացնող կայքերից մեկի համաձայն՝ ապրիլի կեսի դրությամբ այդ յոթ՝ ամենալայն տարածում ունեցող պատվաստանյութերն են․

1- Oxford/AstraZeneca — արտադրությունը Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության կողմից

կենդանի վեկտորային պատվաստանյութ

ընդունված է 83 երկրներում

արդյունավետությունը շուրջ 70 տոկոս

բաղկացած է երկու ներարկումից՝ 8-12 շաբաթվա ինտերվալով

պահվում է 2-8 °C վեց ամիս

արժեքը մեկ դեղաչափը մոտ 4 ԱՄՆ դոլար

2- Pfizer/BioNTech — արտադրությունը ամերիկա-գերմանական

գենետիկ մասնիկներ պարունակող պատվաստանյութ

ընդունված է 82 երկրներում

արդյունավետությունը շուրջ 95 տոկոս

բաղկացած է երկու ներարկումից՝ մեկ ամսվա ինտերվալով

պահվում է -80-60°C վեց ամիս, պատվաստման կենտրոն հասցվելուց հետո այն պետք է ապասառեցնել և օգտագործել հինգ օրվա ընթացքում

արժեքը մեկ դեղաչափը մոտ 15-30 ԱՄՆ դոլար

3- Gamaleya: Sputnik V — արտադրությունը Ռուսաստան, Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային կենտրոն

կենդանի վեկտորային պատվաստանյութ

ընդունված է 60 երկրներում

արդյունավետությունը շուրջ 92 տոկոս

բաղկացած է երկու ներարկումից՝ 3 շաբաթվա ինտերվալով

պահվում է -18․5 °C ջրիկ վիճակում, 2-8 °C չոր վիճակում

արժեքը մեկ դեղաբաչափը մոտ 10 ԱՄՆ դոլար

4- Moderna — արտադրությունը ամերիկյան Մոդերնա ընկերություն

գենետիկ մասնիկներ (mRNA) պարունակող պատվաստանյութ

ընդունված է 45 երկրներում

արդյունավետությունը շուրջ 94 տոկոս

բաղկացած է երկու ներարկումից՝ 1 ամսվա ինտերվալով

պահվում է -2-8 1°C մեկ ամիս, -20 °C վեց ամիս

արժեքը մեկ դեղաբաչափը մոտ 25-30 ԱՄՆ դոլար

5- Janssen (Johnson & Johnson) — արտադրությունը ամերիկյան Johnson & Johnson դեղագործական ընկերության Janssen-Cilag ստորաբաժանման 

կենդանի վեկտորային պատվաստանյութ

ընդունված է 39 երկրներում

արդյունավետությունը շուրջ 85 տոկոս

բաղկացած է մեկ ներարկումից՝ ի տարբերություն մինչ օրս գրանցված մյուս պատվաստանյութերի

պահվում է սովորական սառնարանային պայմաններում` մինչև երեք ամիս

արժեքը մեկ դեղաբաչափը մոտ 10 ԱՄՆ դոլար

6- Sinopharm — արտադրությունը Չինաստան

ինակտիվացված պատվաստանյութ

ընդունված է 35 երկրներում

արդյունավետությունը շուրջ 80 տոկոս

բաղկացած է երկու ներարկումից՝ 21 օրվա ինտերվալով

պահվում է 4-8 °C սառնարանային պայմաններում

արժեքը մեկ դեղաչափը մոտ 30 ԱՄՆ դոլար

7- Covishield — արտադրությունը Հնդկաստանի Շիճուկային ինստիտուտի կողմից մատակարարվող AstraZeneca-ի

կենդանի վեկտորային պատվաստանյութ

ընդունված է 33 երկրներում

արդյունավետությունը շուրջ 70 տոկոս

բաղկացած է երկու ներարկումից՝ 8-12 շաբաթվա ինտերվալով

պահվում է 2-8 °C վեց ամիս

արժեքը մեկ դեղաչափը մոտ 4 ԱՄՆ դոլար

Նշված բոլոր պատվաստանյութերը հիմնականում նախատեսված են 18-ից բարձր անձանց համար։ Պատվաստանյութերը նախատեսված են միայն միջմկանային ներարկման համար և սովորաբար սկսում են ազդել երկու շաբաթվա ընթացքում։ Բոլոր պատվաստումների կողմնակի ազդեցությունների բաժնում հիմնականում նշվում է գլխացավ, մկանների ցավ, հազ, ջերմաստիճանի բարձրացում, այսինքն գրիպային հիվանդություններին բնորոշ խնդիրներ։ Հակացուցումները նույնպես գրեթե նույնն են՝ բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ ալերգիա, պատվաստման պահին ջերմություն, հիվանդությունների սրացման փուլ և այլն։ Պատվաստումից հետո պացիենտը 30 րոպե պետք է գտնվի բուժաշխատողների հսկողության տակ: 

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք արդեն վարակված և լավացած անձինք ևս պետք է պատվաստվեն, փորձագետները կարծում են, որ պատվաստումը մեկ շատ կարևոր առանձնահատկություն ունի․ ի տարբերություն բնական վարակի, խթանում է իմունիտետի հիշողության բջիջներն ու ամեն անգամ օրգանիզմը հանդիպելով վիրուսին, հիշում ու սկսում է շատ արագ արտադրել հակամարմիններ, հետևաբար, կարևորվում է նաև այս խմբի պատվաստումը։

Իսկ թե որքան ժամանակ են պատվաստումներն ապահովում վարակից, դեռևս հայտնի չէ։

184 տեսակի պատվասրանյութեր գտնվում են նախակլինիկական փուլում, 29-ը` փոձնական առաջին, 28-ը` երկրորդ և 21-ը` երրորդ փուլում: Արդեն իսկ հաստատված հինգ պատվաստանյութ բնակչության լայն զանգվածի վրա ազդեցության դիտարկման փուլում են:

13 պատվաստանյութեր հաստատվել են առնվազն մեկ երկրում: Ի դեպ՝ պատվաստանյութերը համարվում են հաջողված, եթե նրանց արդյունավետությունը գերազանցում է 60 տոկոսը։

Վերոնշյալ պատվաստանյութերից ամենատարածվածն ու ամենալայն կիրառումն ունեցողը, ուստի նաև ամենաքննարկվածը AstraZenecaն է։

Ըստ Bloomberg-ի տվյալների՝ AstraZeneca-ն դեռևս ուսումնասիրությունների ընթացքում էր արդեն շուրջ 3 մլրդ չափաբաժնի պատվեր ստացել։ Այս պատվաստանյութի պատվերների մեծ թիվը պայմանավորում են ինչպես նրանով, որ այն ամենամատչելին է, այնպես էլ, որ այն պահման մատչելի պահանջներ ունի։

Սակայն ինչպես այս, այնպես էլ տարածվածությամբ երկրորդ տեղում գտնվող Pfizer/BioNTech պատվաստանյութերն արդեն հասցրել են «մեղադրվել» մահերի պատճառ լինելու մեջ։ Մանավորապես, հունվարին Նորվեգիայից ահազանգեցին, որ Pfizer/BioNTech-ով պատվաստումից հետո 33 մարդ է մահացել, բոլորը 80-ից բարձր տարիքի։ Սակայն արդեն օրեր անց երկրի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ չի արձանագրել որևէ կապ Pfizer-BioNTech-ի և պատվաստումից հետո գրանցված մահերի միջև, մահացածներից 13-ն ունեցել են թույլ իմունիտետ և առողջական լուրջ խնդիրներ։ Նշվեց նաև, որ սովորաբար Նորվեգիայի ծերանոցներում օրական մահանում է միջինում 45 անձ։

AstraZeneca-ի դեպքում իրավիճակն այնքան սրվեց, որ Եվրոպական մի շարք երկրներ մարտի սկզբին որոշ ժամանակով դադարեցրին պատվաստանյութի կիրառումը։ Սակայն երբ մարտի 19-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը հայտարարեցին, թե կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ կիրառվող AstraZeneca պատվաստանյութի և տրոմբերի առաջացման միջև, պատվաստանյութը շարունակեցին կիրառել։ Ի դեպ՝ հենց նույն օրը Վրաստանում մահացավ մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում  AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած երիտասարդ բուժքուրը, կրկին սրելով թեման։ Սակայն տեղի վարակաբանները նշեցին, որ անմիջական կապ չեն տենսում պատվաստանյութի ու մահվան մեջ, դեռևս ընթանում է փորձաքննություն։

Տարբեր պատվաստանյութերի ընդունումից հետո մահազդեր, կողմնակի ազդեցություններ եղան նաև այլ երկրներում, սակայն մասնագետները շարունակում են կարծել, որ պատվաստանյութերն ավելի անվտանգ են, քան հիվանդությունը, և, որ պատվաստանյութերի օգուտները գերազանցում են ռիսկերը։ Նշվում է նաև, որ ըստ նախնական ուսումնասիրությունների՝ պատվաստանյութերն արդյունավետ են նաև կորոնավիրուսի նոր շտամների դեմ, բացի այդ, ինչքան արագ մարդիկ պատվաստվեն, այնքան քիչ առաջ կգան նոր շտամեր։

Պատվաստանյութերի գնման գործընթացը

Covid 19-ի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու երեք տարբերակ կա՝ ա․պետությունն այն պատվիրում է արտադրողից, բ․պետությունն այն պատվիրում է տարածաշրջանային կառույցից, օրինակ, Եվրոպական միությունից կամ Աֆրիկյան միությունից, գ․պետությունն այն պատվիրում է Covax Facility -ի միջոցով:

Covax-ը շահույթ չհետապնդող համաշխարհային համագործակցություն է՝ ուղղված Covid 19 պատվաստանյութի ստեղծմանն ու հավասար բաշխմանը։ Այն ղեկավարվում է «Gavi» պատվաստանյութերի դաշինքիԱՀԿ-ի և CEPI-ի կողմից, և նպատակն է նպաստել ամենասեղմ ժամկետներում պատվաստանյութի ստեղծմանն ու արտադրությանը և երաշխավորելու դրա հավասար բաշխումը աշխարհի յուրաքանչյուր երկրում (շուրջ 190 երկիր)՝ անկախ դրանց ֆինանսական բարեկեցության աստիճանից։

Covax-ի շրջանակներում պլանավորվում է մինչև 2021 թ. ավարտը հասանելի դարձնել պատվաստանյութի 2 միլիարդ չափաբաժին, որը պետք է բավարարի առողջապահական և սոցիալական ոլորտների աշխատողներին, ինչպես նաև լուրջ հիվանդության կամ մահվան առավելագույն ռիսկի տակ գտնվողներին պաշտպանելու համար աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հատկանշական է, որ նախաձեռնության պատասխանատուները երկրների փոխարեն անձամբ են բանակացություններ վարում պատվաստանյութ արտադրողների հետ և երկրներին առաջարկում պատվաստանյութերի տեսակներն ու չափաբաժինը` հաշվի առնելով կոնկրետ երկրի բնակչության ու խոցելի խմբերի թիվը։

Ավելին՝ այստեղ։

Անգլերեն տարբերակը՝ այստեղ։