Սարփիի մաքսակետում հայտնաբերվել են չհայտարարագրված ոսկյա զարդեր

Վրաց-թուրքական Սարփիի մաքսակետում հայտնաբերվել են 376,48 գրամ չհայտարարագրված ոսկյա զարդեր։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Ըստ ծառայության հաղորդագրության՝ ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները «Սարփիի» մաքսակետում Վրաստանի 2 քաղաքացիների ֆիզիկական զննության արդյունքում չհայտարարագրված 376,48 գրամ ոսկյա զարդեր են հայտնաբերել։

Մաքսային հսկողությունը շրջանցելու նպատակով քաղաքացիները մարդատար ավտոբուսի նստատեղի տակ չհայտարարագրված ոսկյա իրեր են տեղադրել և փորձել են գաղտնի ներկրել։

Ոսկյա զարդերի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 33 628 լարի։

Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով օրինախախտ քաղաքացի Գ.Ջ.-ն տուգանվել է 5244,5 լարիի չափով, իսկ Ի.Մ.-ն տեղափոխվել է քննչական ծառայություն։