Շփման գծում երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Զեմո Արցևի և Օտրևի գյուղերի (Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիա) մոտ՝ օկուպացված տարածքում, անօրինական կերպով ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու, հայտնում է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

Ըստ ՊԱԾ-ի՝ միջադեպի մասին տեղեկությունը ստանալուց հետո ակտիվացել է Եվրամիության դիտորդական առաքելության կողմից գործարկվող «թեժ գիծը»։ Ապօրինի ձերբակալության մասին տեղեկությունն անմիջապես հաղորդվել է նաև Ժնևի միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

«Գործող բոլոր մեխանիզմները գործարկվել են ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացիներին հնարավորինս սեղմ ժամկետում ազատ արձակելու համար»,- նշում են ՊԱԾ-ից:

Օկուպացված գյուղերը՝ Զեմո Արցևին և Օտրևան, սահմանակից են Վրաստանից վերահսկվող Քերե, Քուշի, Աձվի և Ջարիաշեն գյուղերին։ Ավանդաբար, օկուպացիոն բաժանարար գծի մոտ Վրաստանի քաղաքացիների ձերբակալման դեպքերն ավելանում են գարնանը և աշնանը, երբ տեղի բնակիչներն անցնում են դաշտերով, հողատարածքներով և անտառային տարածքներով։

Ի դեպ, այս պահին Հարավային Օսիայի քննչական մեկուսարանում և բանտում է գտնվում Վրաստանի 8 քաղաքացի։

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» չորրորդ միջպետական ​​հայցի վերաբերյալ որոշում է կայացրել։ Գործը վերաբերում է, այսպես կոչված՝ «սահմանագծմանը»։ Դատարանը գտել է, որ Ռուսաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի յոթ հոդվածներ, այդ թվում՝ տեղաշարժի ազատության մասին 4-րդ արձանագրության 2-րդ հոդվածը։