Շուշին՝ «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք». ցուցահանդես Մառնեուլիում

Հուլիսի 8-ին Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլի քաղաքում գտնվող «Ադրբեջանի տուն» կենտրոնում Վրաստանի ադրբեջանցիների ինտեգրման կենտրոնի նախաձեռնությամբ՝ 2023 թվականին Շուշի քաղաքը (Լեռնային Ղարաբաղի քաղաք-խմբ.) որպես «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» ընտրվելու կապակցությամբ լուսանկարչական ցուցահանդես է անցկացվել, գրում է MarneuliFM-ը:

Ըստ տեղեկության՝ ցուցահանդեսն անցկացվել է Ադրբեջանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, որն իրականացնում է «Աջակցություն երեխաներին և դեռահասներին» հասարակական միության «Shusha, the cultural capital of Azerbaijan, in photos»  լուսանկարչական միջազգային նախագծի շրջանակներում:

Ցուցահանդեսի նպատակներից մեկը լուսանկարների միջոցով երիտասարդների շրջանում Շուշիի երաժիշտների և մշակութային ժառանգության մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելն էր։

Ծրագրի ղեկավար Փարխադ Աբդուլովը նշել է, որ նախագծի նպատակը Շուշիի պատմության և մշակութային ժառանգության տարածումն է տեղի, ադրբեջանցի և վրացի երիտասարդների շրջանում։

Նշենք, որ ցուցահանդեսը բացի Մառնեուլիից, բացվել է նաև Թբիլիսիում և Բոլնիսիում։