Վրաստանում եղանակը կտրուկ կվատանա

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացրել է եղանակային պայմանների սպասվող վատթարացման մասին։

«Սեպտեմբերի 28-ի օրվա վերջից մինչև հոկտեմբերի 1-ի առավոտ Վրաստանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, Արևմուտքի մեծ մասում, Արևելքի լեռնային և բարձրլեռնային շրջաններում` տեղ-տեղ հորդառատ։ Հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում և ծովում 3-4 բալանոց փոթորկային ալեկոծություն։

Սպասվող հորդառատ տեղումները կարող են գետերում առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերում հեղեղումներ, իսկ բլրապատ և լեռնային գոտիներում՝ սահանքային և ցեխահոսքային (սելավային) գործընթացների առաջացում ու ակտիվացում (տագնապի մակարդակը՝ միջին)», — հայտնել է գործակալությունը։