Սկանդալային նոր գաղտնալսում. ծրագրվում է սպանել Սաակաշվիլիին

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության կողմից նոր ձայնագրություն է տարածվել, որտեղ արդեն քաջ հայտնի Միրզա Սուբելիանին «Վրացական երազանք»-ի պատգամավոր Վիկտոր Ջափարիձեի և ևս մեկ անձի հետ խոսում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին լիկվիդացնելու մասին:

Ամենայն հավանականությամբ, Սուբելիանին զրույցում պնդում է, որ Սաակաշվիլիին սպանելու համար 3 ամիս է անհրաժեշտ: Նա խոսել է նաև Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախկին նախարար Սոզար Սուբարիի մասին և ասել, որ իրենց ճանապարհները բաժանվել են:

«Միրզա Սուբելիանի – Էհ, այդպես չէ: Սրանք ուզում են և մտածում են, որ ես բանտում կկոտրվեմ և կանեմ իրենց ցանկացածը: Իսկ ինչու՞ ոչ: Երկու միլիոն կվերցնեի, կդնեի գրպանս և կգնայի Փարիզ: Բայց չեմ անի, տղամարդու խոսք եմ տվել ու ձեռք սեղմել: Կյանքում խոստումս չեմ խախտել, հիմա էլ չեմ անի….Ընդհանրապես, բաց թողեք, Միշային կսպանեմ: 3-4 ամիս է պետք: Զենք ընդհանրապես չեմ օգտագործի: Երկու տարբերակ ունեմ՝ կամ պիտի սպանեմ, կամ մտերմանամ հետը, իսկ մտերմանալ հաստատ չեմ ուզում», — ասվում է ձայնագրությունում:

Վրաստանի դատախազության նախկին բարձաստիճան պաշտոնյա Միրզա Սուբելիանին, ով այժմ գտնվում է նախնական կալանքի տակ, հանրությանը հայտնի դարձավ դպրոցականների անցյալ տարվա սպանությունից հետո: Դպրոցականի սպանության մեջ մեղադրվողներից մեկը հենց Սուբելիանիի որդին էր: