Սքոլը հանդիպել է ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին

ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդական Դերեկ Սքոլը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների հետ։ 

Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով, հանդիպմանը Սքոլը լսել է բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ 

Ջափարիձեն նշել է, որ ԱՄՆ իշխանություններն անհանգստացած են «Մթավարի արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի ձերբակալությամբ, ընտրական և ընդհանրապես արդարադատության համակարգի հետ կապված հարցերով։ 

«Իմ դիրքորոշումն այն է, որ մենք առաջին անգամ ունենք կառավարություն, որի վերաբերմունքն Արևմուտքի նկատմամբ տարբերվում է մյուս բոլոր կառավարություններից։ 

Այժմ մենք ունենք կառավարություն, որը կրկնում է Պուտինի հռետորաբանությունը», — ասել է Ջափարիձեն: 

«Դրոա» կուսակցության նախագահ Էլենե Խոշտարիան հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել է Նիկա Գվարամիայի ձերբակալության հարցը, ինչպես նաև անվտանգության խնդիրներն ու պատժամիջոցները։ 

«Ռազմավարությունն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն ասել է, որ նման բարձր մակարդակի այց ԱՄՆ-ից Վրաստան չի եղել 2020 թվականից ի վեր։