Սփյուռքի ներկայացուցիչները կարող են մասնակցել նկարչական մրցույթ-փառատոնին

Հայաստանում կանցկացվի համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն՝ «Ինքնաճանաչում. Էրեբունի» խորագրով։ Այն կանցկացվի Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ:

«Վերջին մի քանի տարիները մարտահրավերներով լի են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ, հատկապես, Հայաստանի Հանրապետության համար։ Այս հարափոփոխ և անկայուն իրականության պայմաններում այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր ենք համարում հայոց պատմությանն ու մեր արմատներին առավել խորությամբ անդրադառնալու հրամայականին ականջալուր լինելը» -ասվում է հաղորդագրության մեջ:

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհք ունեցող հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի բոլոր տեսակի կրթօջախների սաները, ինչպես նաև պարզապես ստեղծագործող, որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող երեխաները։

Մրցույթի անցկացման կարգին կարող եք ծանոթանալ այստեղ: