Սուրբ Ծնունդը Վրաստանում․ «Ալիլո» երթն այս տարի

Վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծննդյան ավանդական «Ալիլո» բարեգործական երթը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի կանցկացվի փոփոխված կանոններով։

Երթը, որի մասնակիցները ուղղափառ շարականներ են երգում և նվերներ հավաքում կարիքավորներին բաժանելու համար, ունի 15 հարյուրամյակի պատմություն։ Այն անցկացվում է մայրաքաղաքի կենտրոնական պողոտաներում և փողոցներում, քահանաները, հոտը և երեխաները «Ալիլո»-ի ժամանակ հավաքում են նվերներ, հետո դրանք փոխանցում կարիքավորներին և որբերին:

Վրաց պատրիարքարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս անգամ հոտի մասնակցությամբ երթ չի լինի՝ հոգևորականները մեքենաներով շրջելու են Թբիլիսիի կենտրոնով։ Այն կսկսվի հունվարի 7-ին ժամը 14:00-ին Հանրապետության հրապարակում և կավարտվի Սուրբ Երրորդություն տաճարում ժամը 16:00-ին՝ Սուրբ Ծննդյան աղոթքով:

«Փրկչի Ծնունդը մեծ տոն է քրիստոնեական աշխարհում։ Տոնն այս տարի նույնպես կանցկացվի հանդիսավոր կերպով, սակայն համավարակի պատճառով սահմանված կանոնակարգերի ամբողջական պահպանմամբ։ Հոգևորականները Սուրբ Ծնունդը կշնորհավորեն բնակչությանը ավտոերթով, վանկարկումներով և սուրբ ջուր ցողելով»,- ասվում է պատրիարքարանի տարածած հաղորդագրությունում։

Սուրբ Ծննդյան պատարագից հետո ավանդական նվիրատվությունները՝ նվերների, հագուստի, խաղալիքների և քաղցրավենիքի տեսքով, կդասավորվեն և կտրամադրվեն կարիքավորներին և որբերին։

Ամանորյա նվերների հավաքագրմանը մասնակցել ցանկացողները հունվարի 7-ին ժամը 12:00-16:00-ն իրենց նվերները կարող են բերել Հանրապետության հրապարակ։

Վրաստանի բնակչության մեծ մասը և էթնիկ վրացիները ուղղափառ քրիստոնյաներ են։ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը Վրաստանում նշվում է հունվարի 7-ին, սա պետական ​​տոն է և պաշտոնապես հանգստյան օր։

Սուրբ Ծննդյան գիշերը՝ հունվարի 6-ից 7-ը, Վրաստանի բոլոր ուղղափառ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան պատարագը։