Տաքսիներին կթույլատրվի կանգ առնել ավտոբուսի գոտում՝ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու նպատակով

Մարտի 20-ից կդադարեցվի գործող համակարգով տաքսիների թույլտվության տրամադրումը, իսկ ապրիլի 1-ից գործի նորը: Այս մասին Թբիլիսիի քաղաքապետարանի նիստում հայտարարել է քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքապետի խոսքով՝ նրանք, ովքեր մինչև մարտի 20-ը չեն դիմի քաղաքապետարան, ապրիլի 1-ից A կարգի անժամկետ գործունեություն իրականացնելու թույլտվություն չեն ստանա։

«Շուկայում շրջանառության մեջ կլինեն միայն նոր A կարգի տաքսու ծառայություն իրականացնելու թույլտվությունները, որոնց տրամադրումը կսկսվի ապրիլի 1-ից։ Այնուհետև, նրանք, ովքեր կցանկանան տաքսու լիցենզիա ձեռք բերել, դա կկարողանան անել թույլտվություն ունեցող անձից գնելով կամ լիզինգով՝ ստեղծված taxi.tbilisi.gov.ge հարթակում»,-  ասել է Կալաձեն։

Ֆիզիկական անձանց հետ միասին այդ գործարքներին կկարողանան մասնակցել նաեւ իրավաբանական անձինք։

A կարգի տաքսու վարորդները իրավունք կունենան իրենց մեքենան կայանել ավտոբուսի գոտում՝ ուղևոր վերցնելու կամ իջեցնելու համար։

Ի դեպ, տաքսիների բարեփոխման այս փուլով քաղաքապետարանը նոր համակարգով A կարգի թույլտվությունները կտրամադրի մեկ անգամ՝ այն դարձնելով վարորդի սեփականությունը։