Ծնողների կանխամտածված սպանություն Թբիլիսիում

Թբիլիսիի Իսանի-Սամգորիի ոստիկանությունը ձերբակալել է  տղամարդու, ով մեղադրվում է ծնողների կանխամտածված սպանության մեջ։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ ձերբակալվածը բնակարանում սպանել է ընտանիքի անդամներին, ապա հանցագործությունը կոծկելու համար հրդեհել է բնակարանը։

«2022 թվականի ապրիլի 27-ին Իսանի-Սամգորիի գլխավոր վարչություն հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսիի Վազիսուբանի 4-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները նկատել են, որ բնակարանի դուռը ներսից փակված է։

Բնակարան մուտք գործելուց և հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են 1964 թվականին ծնված Զ.Բ.-ի և 1967 թվականին ծնված կնոջ՝ Լ.Տ.-ի այրված դիերը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքներով»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

ՆԳՆ տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը քնած ծնողներին կրակել է գլխի շրջանում, ինչի հետևանքով նրանք երկուսն էլ տեղում մահացել են։

ՆԳՆ-ից հայտնում են, որ հետքերը ծածկելու համար նա պահարաններից հանել է հագուստ և տարբեր իրեր, հայտնաբերել ծնողներին պատկանող գումարը և ոսկյա զարդեր, ապա դիտավորությամբ հրդեհել է բնակարանն ու դեպքի վայրից դիմել  փախուստի.

«Որպես ապացույց առգրավվել են հանցագործության գործիքները, բնակարանից վերցված գումարը, ոսկյա զարդերը»։

Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «վ» ենթակետով և 109-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով, այն է՝ դիտավորյալ սպանություն, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում` ընտանիքի երկու կամ ավելի անդամների նկատմամբ։ Մեղադրյալին սպառնում է 16-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: