Թալակվաձեն հույս է հայտնել՝ ընդդիմությունը կվերադառնա բանակցությունների սեղան

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն «Իմեդիի» եթերում հույս է հայտնել, որ ընդդիմությունը կվերադառնա ընտրական համակարգի վերաբերյալ բանակցությունների սեղան: Ըստ Թալակվաձեի, իշխանության առաջարկը արդար է, պրագմատիկ և կոմպրոմիսային:

«Անպայման անհրաժեշտ է համաձայնության հասնել կոնկրետ պայմանների և խաղի կանոնների շուրջ: Ովքեր կմնան այս ամենից դուրս, դա արդեն ընդդիմության ապակառուցողականությունն է»,- հայտարարել է Թալակվաձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքով, «Վրացական երազանքի» առաջարկությունը 100/50-ի համակարգը էականորեն տարբերվում է 77/73-ից: «Այս առաջարկությամբ նշանակալիորեն ավելանում են համամասնական մանդատները և համեմատաբար պակասում մեծամասնականները: Ինչպես ասել ենք՝ չենք անդրադառնա 2024 թվականի ընտրություններին, որոնք ըստ սահմանադրության անցնելու են լրիվ համամասնական ընտրակարգով»,- հայտարարել է Թալակվաձեն:

Հիշեցնենք, Վրաստանի իշխանությունը ընդդիմությանը առաջարկում էր ընտրական համակարգում փոփոխություններ կատարել, 77 համամասնական մանդատների քանակը ավելացնելով մինչև 100, իսկ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնել՝ հասցնելով 50-ի, սակայն ընդդիմությունը դեմ է այս առաջարկին: Փետրվարի 10-ին Վրաստանի գերագույն դատարանը որոշում կայացրեց Թբիլիսիի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Գիգի Ուգուլավային ավելի քան 3 տարվա ազատազրկման դատապարտել, ինչից հետո որպես բողոքի նշան ընդդիմությունը լքեց իշխանության հետ բանակցությունների սեղանը:

Թեմայի շուրջ ավելի մանրամասն այստեղ.