Թբիլիսիի հայկական թատրոնը պատրաստվում է հյուրախաղերի` Ջավախք

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանները հյուրախաղերի են պատրաստվում Ախալքալաք և Նինոծմինդա:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն ասաց, որ «Պարում, երգում ու կատակում են Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանները» համերգային ծրագիրը պատրաստել են  դեռ անցած տարի` իմանալով, որ դահլիճներում արգելվում է ներկայացումներ խաղալ, ընտրել են բացօթյա տարբերակը: Առաջին ելույթը Նինոծմինդայում է` հուլիսի 11-ին, Հեշտիա գյուղում` հուլիսի 12-ին է, իսկ հուլիսի 13-ին` Ախալքալաքի կենտրոնում«Հետագայում նպատակ կա նաև նույն  ծրագրով  լինել Ախալցիխեի հայկական գյուղերում, ապա Քվեմո-Քարթլիում: Այս երկու հյուրախաղերը հնարավոր է` ֆինանսավորվի Վրաստանի մշակույթի նախարարության կողմից, սպասում ենք. մրցույթ է հայտարարվել, մասնակցել ենք, լիահույս եմ, որ պետք է այս մրցույթում հաղթողներից մեկը լինենք: Նաև մտադիր ենք օգոստոսին երկօրյա հյուրախաղերով Աջարիայի մայրաքաղաք Բաթումիում լինել, ուր կցուցադրենք «Հին վրացական վոդևիլները»:

Թատրոնի շենքը գործարկելուց հետո նպատակներ կան մշտական ներկայացումներ ունենալ Ախալքալաքի, նաև Նինոծմինդայի մշակույթի տանը, փաստացի` թատրոնը Ջավախքում կունենա կանոնավոր խաղացանկային ծրագիր, և տարեկան մոտ 24 ներկայացում կխաղան: Գեղարվեստական ղեկավարն ասում է` կոնկրետ սկսել են  աշխատել հանդիսատեսին ետ բերելու հարցով. «Մենք Ջավախքում 60-70-ականներին հանդիսատես ունեցել ենք, հիմա մի նոր սերունդ է եկել, որոնց չենք ճանաչում, բայց սկսել ենք ճանաչելու ու հանդիսատեսին վերադարձնելու գործը: Պետք է հանդիսատեսի նոր տեսակ բերենք: Ես սրա մասին հաճախ եմ ասում: Ջավախքով մշտապես կարտոֆիլով ենք հպարտանում: Սա արվեստի ու գրականության շրջան է, ու այս շրջանում անպայման կսիրվի թատրոնը»:

Թատրոնի շենքի շահագործումը կրկին հետաձգվել է, ու պատճառը կրկին պանդեմիայի առաջացրած դժվարություններն են: Նախատեսվում էր շենք վերադառնալ հունիսի 20-ին, սակայն ժամկետներում  կրկին չեն տեղավորվել, քանի որ տարբեր երկրներից է բերվում լուսային ու ձայնային ձևավորման համար անհրաժեշտ ամեն ինչ, իսկ պանդեմիայով պայմանավորված` ոչ բոլոր ճանապարհներն են բաց ու հասանելի: Հույսեր կան, որ մինչև տարեվերջ շենքը թատրոնին  կհանձնվի, իսկ 2022-ին արդեն նոր թատերաշրջանը կբացվի:

Լուսանկարները` Ծալկայի շրջանի հյուրախաղերից. 2020 թ.

 

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։