Թբիլիսիում ավելացել են մարիխուանայից թունավորման դեպքերը․ Կոբիձե

Վերջին ամիսներին Թբիլիսիում ավելացել են 17-27 տարեկան երիտասարդների շրջանում մարիխուանայով թունավորման դեպքերը: Այս մասին հրավիրած ասուլիսում հայտնել է թունաբանական ասոցիացիայի ղեկավար Թեմուր Կոբիձեն:

Նրա խոսքով, հիվանդների մոտ նկատվել են հոգեկան շեղումներ, հաճախասրտություն (տախիկարդիա): Մասնագետի խոսքով, նման ախտանշաններով հիվանդներին բուժելու համար հոգեբանների ու հոգեբույժների կարիք է լինում:

«Մի քանի երիտասարդի արդեն ուղարկել ենք հոգեբույժի մոտ: Նրանցից երկուսը դեռ շարունակում են բուժումը»,- ասել է Կոբիձեն։

Նա նաև ընդգծել է, որ մարիխուանայի հարցով վերջին շրջանի քարոզչությունը մեծ դեր է սկսել խաղալ բազմաթիվ աղջիկների շրջանում, վերջիններս մարիխուանայի օգտագործումը դրական երևույթ են համարում: «Մարիխուանա օգտագործել փորձում են անգամ նրանք, ովքեր երբևէ չեն ծխել և դեմ են եղել։ Հիվանդների մեծ մասը նշել է, որ թմրանյութն օգտագործել է ընկերների հետ»,- նշել է Կոբիձեն: