Թբիլիսիում բնակարանների գները փետրվարին բարձրացել են

TBC Capital-ի Թբիլիսիի բնակելի անշարժ գույքի ամսական զեկույցում նշված է, որ 2023 թվականի փետրվարին Թբիլիսիում վաճառվել է, ընդհանուր առմամբ, 3 383 բնակարան։

Տվյալների համաձայն, վաճառված բնակարանների թիվը 19 տոկոսով գերազանցել է հունվարի ցուցանիշը, իսկ տարեկան աճը կազմել է 12 տոկոս։ Վաճառքի միջին գինը շարունակել է աճել և կազմել է 1 136 դոլար (տարեկան +30 տոկոս): Վաճառքի քանակի և վաճառքի գնի աճի ֆոնին շուկայի չափը տարեկան կտրվածքով աճել է 48 տոկոսով  և կազմել 261 մլն դոլար։

Ըստ TBC Capital-ի՝ 2023 թվականի փետրվարին վաճառվել է 746 նոր բնակարան, ինչը 5 տոկոսով ավելի է 2022 թվականի փետրվարի համեմատ։ Նշենք, որ նախորդ ամսվա համեմատ աճը շատ ավելի զգալի էր (+36 տոկոս)։

Ինչ վերաբերում է հին բնակարանների վաճառքին, ապա տարեկան աճը կազմել է 14 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է 15 տոկոս աճ։ Արդյունքում, 2023 թվականի փետրվարին նոր բնակարանների մասնաբաժինն ընդհանուր գործարքներում աճել է մինչև 22 տոկոս: