Տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ կայունության երաշխիք․ Հարավկովկասյան նոր տարածաշրջանը

Տնտեսական հարաբերությունների հաստատումը և տրանսպորտային կոմունիկացիաների բացումը կբերի տարածաշրջանի կայունացման, իսկ Վրաստանը  նրանում կշարունակի պահպանել տրանսպորտային կարևոր հաբի դերը։ 

Ղարաբաղյան  44-օրյա պատերազմից հետո հրադադարի մասին նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) համաձայնագիրը ենթադրում է ապաշրջափակել տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Եռակողմ համաձայնագրի այս կետն ուղղակիորեն վերաբերում է հարավկովկասյան գրեթե բոլոր երկրներին, Վրաստանում մտահոգությունները կապված են տարանցիկ դերի հնարավոր նվազման, Հայաստանում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ, որի մասին հաճախ խոսում է Ադրբեջանի նախագահը:

Բաքուն համաձայնագրի՝ Հայաստանի տարածքով Նախիջևան-Ադրբեջան անխափան կապի ապահովման մասին կետը մեկնաբանում է որպես միջանցք՝ տարածքային պահանջներ ներկայացնելով նաև Սյունիքի մարզի նկատմամբ։

Նշենք նաև, որ տարածաշրջանի երկրներին միավորող, տնտեսական, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում համագործակցության հարթակ ձևավորելու առաջարկ է արել Թուրքիան՝ պատերազմից հետո։

Վրաց քաղաքագետ Գիա Աբաշիձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակում բոլոր երեք երկրների շահերից է բխում և՛ տնտեսական, և՛ տրանսպորտային, և՛ հումանիտար, և՛ սոցիալական ոլորտներում համագործակցությունը: Եվ որպեսզի երկարատև խաղաղություն լինի ու կոնսենսուս ձեռք բերվի, ըստ նրա, բնական է, որ պետք է որոշակի տնտեսական հարաբերություններ հաստատվեն:

«Հենց տնտեսականով է, որ այլևս կողմերը չեն հենվի անցյալի վրա, «հարաբերություններ չեն պարզի» և կաշխատեն ապագայի համար տնտեսական ծրագրերի վրա։ Եվ հետո միայն սոցիալ-տնտեսական ծրագրերում միմյանց լավ հասկանալով, հնարավոր կլինի խաղաղության մասին խոսել», — մեկնաբանելով Հայաստանում ապաշրջափակման, իսկ Վրաստանում դրա արդյունքում տարանցիկ ու տրանսպորտային հաբի դերակատարության շուրջ եղած մտահոգությունները, ասում է քաղաքագետը։

Ավելին կարող եք ծանոթանալ ստորև՝

Տնտեսական հարաբերությունների հաստատումը՝ կայունության երաշխիք