Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով լքում է պաշտոնը

Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության ծառայության ղեկավար Գիգա Գիգաշվիլին լքում է պաշտոնը։

Գիգաշվիլին նշել է, որ Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության պատճառով բարոյական պատասխանատվություն է զգում և այդ պատճառով անհրաժեշտ է համարում հեռանալ իր պաշտոնից։

«Ես լիովին կհամագործակցեմ նախաքննության հետ, որպեսզի պարզվի իրականում տեղի ունեցածի պատճառը»,- ասել է Գիգաշվիլին։

Գիգաշվիլին Թբիլիսիի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը ղեկավարում է 2017 թվականից

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին, առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հոսանքահարվելու հետևանքով վիրավորված 13-ամյա աղջիկը կլինիկայում մահացել է:

Հոսանքահարվելու հետևանքով դեռահասի մահից հետո քաղաքացիները հավաքվել են Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ ցույց և մոմավառություն կազմակերպել:

Ցավալի լուրին արձագանքել են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանի նախագահ Սալոմե Զոարաբիշվիլին, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, ԿԳ նախարար Միխեիլ Չխենկելին, ընդդիմադիր, քաղաքական և փորձագիտական շրջանակները:

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը ցավակցական հեռագիր է հղել Թբիլիսիի Վակեի այգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Հարկ է նշել, որ Վակեի այգու վերանորոգված շատրվանների հանդիսավոր բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին: «Գրինսերվիս+»-ը 13 մլն լարիի վերականգնողական աշխատանքներ է կատարել Վակեի այգում գտնվող շատրվանների վրա։ Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ ավարտված աշխատանքների վերջին ստուգումն իրականացվել է 2022 թվականի օգոստոսի 29-ին։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անվտանգության կանոնների խախտմանը, ինչը հանգեցրել է առողջությանը պակաս ծանր կամ ծանր վնասի։

Վակեի այգում տեղի ունեցածը շահարկելն անընդունելի է. Կալաձե

Հոսանքահարված երեխայի մահվան գործով 9 անձ է ձերբակալվել