Վետերանները 1000-ական լարի են ստացել Մայիսի 9-ի առթիվ

Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա՝ Մայիսի 9-ի առթիվ Թբիլիսիի քաղաքապետարանը 1000-ական լարի է փոխանցել Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, իսկ 500-ական լարի՝ այդ պատերազմում զոհվածների ընտանիքների անդամներին։

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Թբիլիսիի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական ծառայությունը «Պատերազմի վետերաններին աջակցություն» ծրագրի շրջանակներում համապատասխան գումարը փոխանցել է Թբիլիսիում գրանցված 86 անձի։

Մասնավորապես, Երկրորդ համաշխարհային պատերազմի 47 վետերան ստացել է 1000-ական լարի, իսկ այդ պատերազմում զոհվածների ընտանիքների 39 անդամ՝ 500-ական լարի։

Թբիլիսիի քաղաքապետարանը գումարը փոխանցել է շահառուների անձնական բանկային հաշվեհամարներին՝ Վետերանների գործերի պետական ​​ծառայության տրամադրած տվյալների բազայի հիման վրա։