«Ոչ պատերազմին». Ախալքալաքում տեղի ունեցավ ակցիա ի աջակցություն Հայաստանին

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության պատճառով աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են ակցիաներ ի աջակցություն Հայաստանի: Այսօր՝ հուլիսի 21-ին, Ախալքալաքի մարզադաշտում տեղի ունեցավ բազմամարդ խաղաղ ցույց, որի ընթացքում ակցիայի մասնակիցները իրենց աջակցությունը հայտնեցին Հայաստանին և նշեցին, որ Ջավախքը միշտ Հայաստանի կողքին է:

Ակցիայի գլխավոր կարգախոսը «Ոչ պատերազմին» է, որով ջավախահայերը հայտնում են իրենց վերաբերմունքը վերջին օրերին զարգացած իրադարձությունների վերաբերյալ:

Ակցիայի մասնակիցները իրենց վրդովմունքը հայտնեցին նաև օրեր առաջ մի խումբ ադրբեջանցիների կողմից վրաց-ադրբեջանական սահմանին անկցացրած ակցիայի վերաբերյալ: Այս քայլը ակցիայի մասնակիցները որակեցին որպես սադրանք և հույս հայտնեցին, որ Վրաստանում այսուհետ տեղի չեն ունենա նմանատիպ միջադեպեր և չի հրահրվի ազգամիջյան ընդհարում:

Նրանց խոսքով՝ Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները հանգիստ և խաղաղ ապրում են և փոխհարաբարությունները փչացնելու կարիք չկա, իսկ նրանք, ովքեր ձգտում են սադրանքների և պատերազմական գործողությունների, կարող են գնալ պատերազմի դաշտ:

Ակցիան տևեց մոտավորապես 1 ժամ, ինչից հետո մասնակիցները քոչարի պարեցին Ախալքալաքի մարզադաշտում: