«Վրացական երազանքը» չի վերադառնա Միշելի համաձայնագրին. ՄԱՇ-ի ստորագրությունը ֆարս է. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բացառում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կվերադառնա ապրիլի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ երկրի քաղաքական ճգնաժամը լուծող համաձայնագրին։

Լրագրողների հետ զրույցում վարչապետն ասել է, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից այդ փաստաթղթի տակ այսքան ամիս անց ստորագրելը ֆարս է և սուտ։

«Նրանց ստորագրումն այս փաստաթղթի ներքո ուժ կունենար, եթե այն տեղի ունենար, երբ բոլորս մեր մեծ ընկերներ Շառլ Միշելի ու ԱՄՆ դեսպանի միջնորդությամբ ավարտեցինք այս փաստաթղթի աշխատանքները։ Այդ ժամանակ բոլորս ստորագրեցինք` հաշվի առնելով առկա բոլոր հանգամանքները։ Մինչդեռ նրանք  չստորագրելով վիրավորեցին մեր գործընկերներին։

Հաշվի առնելով երկրի շահը, մենք 100 օրից ավելի սպասեցինք, սակայն սա մանկապարտեզ չէ, այլ քաղաքականություն։ Մենք չեղարկեցինք պայմանագիրը, քանի որ այն ուժ կունենար, եթե երկու կողմերն էլ ստորագրած լինեին», — ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» կստորագրի համաձայնագիրը։